Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/313

Այս էջը հաստատված է

Կաթուղիկոսը նայեց գյուղացուն, խաչակնքեց կուռիկի վրա և ասաց.

— Այս երեկո դժվար թե գնաք, ռես Մլո, խոսելու շատ բան ունինք։

Ռեսը՝ մի ալեզարդ և պղնձագույն հուժկու ծերունի, բարձրացավ չոքած տեղից։

— Աջիդ ղուրբան, հոգևոր տեր,— գոչեց նա աղաչավոր ձայնով,— մեր տունուտեղ մնացել է անտեր-անտիրական. 5—6 օր է, ով գիտե, ինչե՞ր են պատահել գյուղում. արձակիր մեզ, այս գիշեր գնանք. լավ գիշեր է, բավական ճանապարհ կկտրենք։

Վեհափառը դեմքը կնճռեց։

- Է, ես ի՞նչ ընեմ,— ասաց նա քիչ նեղացած ձայնով,— տերության գործն է, նրա հրամանն է. մի թեթև գործ էլ չէ, որ շուտով պրծնենք, մտածել է հարկավոր, մի քանի լիրայի բան խո չէ՛, հարյուրներ են պետք…

— Դու գիտես, հոգևոր տեր,— շարունակեց ռեսը ավելի աղաչավոր,— վճռիր ինչ որ խղճմտանքդ տա, ի՞նչ արած, զուլումը պիտի տանենք. ո՞ր մեկին բան ենք ասել, որ սրան ասենք… Հրամանքդ մի բան ասա, որոշիր և արձակիր մեզ՝ մեր տունուտեղ գնանք, մեր ցավերին նայենք…

— Գիտե՞ս ինչ, Մլո,— ասաց վերջապես կաթուղիկոսը ռեսին,— թե որ այդպես է, լավ, այս էրեկո վերջացնենք ու գնացեք…

— Աստված կարգիդ հաստատ պահե…

— Բանը այն է,— շարունակեց կաթուղիկոսը,— որ այդ կշլանի համար 500 ոսկուց ավելի ծախս է գնալու. դեռ չեմ ասում գերան, քար, ձրի գործավորներ…

— Եաման, հոգևոր տեր,— բացականչեց ռեսը,— ասա, որ մեր ճժերու շապիկը հանենք տանք ու մենք էլ նրանց անոթի թողնելով՝ գանք կըշլան շինենք… Եաման, էդ ինչ զուլում է. 500 լիրա, որ քամես 10 գյուղից չի դուրս գալ:

— Ի՜նչ արած,— խոսեց կաթուղիկոսը,— ապա թողնենք, որ զինվորներր գյուղերը ցրվեն ու ամեն ինչ քարուքանդ անե՞ն, ձեր կնիկներին անպատվե՞ն, ձեր եկեղեցիներն ախո՞ռ դարձնեն… Չէ, ինչ որ էլ լինի, պիտի կըշլան շինել…

Այդ միջոցին գյուղացիներից մեկը, որ մոտեցել էր ռես Մլոյին, խառնվեց խոսակցության…

— Վա՞նքը ինչ է տալիս իր կողմից,— հարցրեց նա վախվխոտ ձայնով։

Կաթուղիկոսը գդալը փլավի վրա դրեց, հետո կռացավ և խոսողին նայեց։

— Մեկ այս կողմը նայիր, այդ ո՞վ էր խոսողը,– գոչեց նա,– այդ դո՞ւ ես, ոես Ռկո… չե՞ս ամաչում. վանքը ի՞նչ ունի, որ ձեզ հավար տա։