Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/317

Այս էջը հաստատված է

ուղտերի վզից ճոճվող զանգակներն էին, որոնք իրենց անընդհատ ու պարբերական ղողանջյունով թմբիր էին ազդում…

Կարծեմ երկար այդպես կռթնած մնացել էի, երբ աչքս ընկավ մեծ ճանապարհի վրա, ուր մշուշի միջից մի առ մի դուրս գալով՝ երևում էին շարժուն ստվերներ և ծանրությամբ մոտենում կայարանին։ Հետիոտն ճանապարհորդներ էին։ Իջա մի ցած տանիքի վրա ավելի մոտիկից դիտելու համար։

Մի խումբ գյուղացիներ էին։ Կին, մանուկ, ծեր ու պառավ, գրեթե մերկ մարմինը տված խոնավության ու կծու ցրտին, ատամները կափկափելով ու ոտաբոբիկ՝ գնում էին ցեխի ու ջրակույտերի միջով։ Առջևից քայլում էին մի քանի մանուկներ, մեկը աղջիկ էր, հետո, երկու կին՝ մեկը պառավ, ապա, մի քանի հասակավոր աղջիկներ, ու երկու երեք ցուպավոր տղամարդիկ։

Սրճատան դուռը չբացվեց նրանց առաջ, ախոռների մեջ էլ չթողեցին։ Վախենում էին, որ բան չգողանան։

Ու մնացին նրանք փողոցի ցեխի մեջ կծկված, դողդոջուն։ Էլ առաջ գնալ չէին կարողանում, կանայք կկզեցին գետին՝ սրճատան պատի տակ, մանուկները նստեցին ցեխերի մեջ, իսկ մի ծերունի տեղնուտեղը կքվեց ճանապարհի վրա։

Ցած իջա և դիմեցի կայարանապետին, պահանջելով, որ նրանց տեղ տար գիշերելու։ Զարմացած ինձ նայեցին, չէին հասկանում, թե ինչպես կարելի էր հուզվել մի այդպիսի «սովորական» տեսարանի առաջ։

- Էֆենդիները դեռ նոր են մտնում այս երկիրը,— արդարացրեց ինձ մեզ ուղեկցող զափթիեն։— Բայց քաղաք որ մտնեն, էլ չեն զարմանալ։

- Դրանք գող էլ են լինում,– ավելացրեց մի ուրիշը,– ո՞վ տեղ կտա դրանց։

Թշվառները լսում էին, բայց ոչ մի բառ չարտասանեցին, տնքում էին միայն ու հառաչում, այլև նայում էին մեզ հուսահատ, նախատինքներից բթացած ու վիրավորվող ստրուկների համբերատարությամբ։

- Ո՞ր գյուղից եք,– հարցրեց նրանց կայարանապետը։

Մի գյուղի անուն տվին, չեմ հիշում։ Թուրքերից մեկը ձեռքը դեպի աջ պարզեց ու ասաց.

- Այն լեռների մեջն է։ Ամենքը ցրվում են…

- Դուք էլ եք գանգատի գնո՞ւմ,— հարցրեց մի զափթիե։

- Այո՛,- պատասխանեց ծերունին։

Եվ թուրքերը միմյանց նայելով ծիծաղեցին։