Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/320

Այս էջը հաստատված է

Բայց ինչ-որ շատ երկար էր նստում այնտեղ այն մերկ դերվիշը, որին միշտ տեսնում էի Լալազարի փողոցի ծայրին, ձիաքարշի վերջանալու կետի մոտ պպզած։

Նստել է պատի տակ, ավստրիական դեսպանատան կողքին՝ եթե փողոցը քիչ չոր է։ Եթե շատ մեխ է լինում, բարձրանում է Լալազարի այգու պատից դուրս ցցված մի պատվանդանի վրա և նրա երկու ոտնաչափ լայնությունում կուչ է գալիս՝ մնում։

Փաթաթված է մի միակ վերարկվի մեջ։ Ուրիշ հագուստ չունի: Առանց չափազանցության՝ այդ վերարկուն բաղկացած է հարյուր տեսակ ամեն ձևի, ամեն գույնի և ամեն մեծության կարկատաններից, որոնք միմյանց են կցած հաստ թելերով։ Դերվիշական վերարկու է և իրենք դերվիշներն են շինում։ «Հզարմիյխ» են կոչում նրան։

Երբեմն, երբ տեղավորվելու համար բաց է անում վերարկուն, երևում են նրա բոլորովին մերկ անդամները սևացած ու կապտած՝ ցրտից ու կեղտից։ Գլխին ունի թասաձև սևացած գլխարկ, որի տակից դեպի նեղ ճակատն ու քունքերն են իջնում ալեխառն ու միմյանց կպած մազեր։

Դեմքը փոքր է ու կարճ, աչքերը խոր և երազող, կարծես նայում է, բայց չի տեսնում։ Խիստ դժգույն է, ձեռքերն ու ոտները նիհարացել, ոսկոր են կտրել, մումիայի նման եղել, իսկ մորուքն ու բեղերը միմյանց խառնվել անհետացրել են շրթունքներն իրենց մեջ։

Միշտ պպզած է. տեղիցը չի շարժվում։ Եվ որովհետև ցուրտ է, ունի ծնկների վրա, երկու ձեռքով բռնած, հողե մի փոքրիկ կրակարան, որի մեջ, մոտակա հացթուխից առած մի բուռ կրակը, նա աշխատում է միշտ անշեջ պահել տաքություն ունենալու համար։

Երբ մի օր էլ անցնում էի կողքից, կանգ առա քիչ և ուզեցի տեսնել, թե ինչ էր անում այդ այլանդակ դերվիշը։

Չէր աղոթում. ոչ էլ երգում էր։ Անցորդներ շատ կային, բայց ողորմություն իսկ չէր հայցում։ Զզված ու խամրած հայացքով դիտում էր և չէր տեսնում։ Եվ անցորդները հաճախ նրան էին նետում մի-մի սև փող։ Դրամն ընկնում էր կողքին կամ գոգը։ Չէր շարժվում. թողնում էր, որ հավաքվի։

Երբ մոտեցա, զգաց հայացքս, ծանրությամբ գլուխը բարձրացրեց։ Հազիվ նշմարվող հեգնականի նման մի ժպիտ սահեց դեմքի վրա, աչքերի անկյուններում։

— Դու դերվի՞շ ես,— հարցրի։

Գլխով բացասական նշան արավ և վերարկուն լայն բաց արավ. լիովին մերկ էր։ Կրակարանն աշխատեց դնել ոտների արանքում, կկզել