Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/321

Այս էջը հաստատված է

Հաջողվեց վերջապես, տեղավորվեց, ծածկեց ներսում կրակարանը քղանցքներով և կիսախուփ աչքերը նորից ինձ վրա սևեռեց։

— Աֆիոն ես ծխում կարծեմ,- հարցրի ես։

Գլխով այս անգամ դրական նշան արավ։ Եվ զննում էր ինձ. ոչինչ չէր խնդրում։

Մի քանի րոպե լուռ նայելուց հետո հանկարծ ասաց խուլ, անդնդային ձայնով.

— Ձեր երկրումն էլ աֆիոն ծխո՞ւմ են։

— Ո՛չ… դա թույն է, մեզանում մարդիկ չեն սիրում իրենք իրենց թունավորել։

Ժպտաց և ասաց.

— Ուրեմն ձեր երկրռւմ մարդիկ ցավեր չունի՞ն։

— Ինչո՞ւ չէ։ Բայց մի՞թե հարկավոր է աֆիոն ծխել, երբ մարդ ցավեր ունի։

— Դու սկի ծխե՞լ ես աֆիոն։

— Օ, ո՜չ…

— Ուրեմն չես կարող հասկանալ: Բայց գուցե լսել ես, որ ծխողը փոխադրվում է երազի մի երջանիկ աշխարհ, ուր ցնդում են նրա բոլոր վշտերը, ուր նա ազատ է թշվառությունից, տանջանքից… Այդ չգիտե՞ս դու…

— Այդպիսո՞վ ուրեմն դուք ձեզ մխիթարում եք։

— Ոչ թե մխիթարում ենք, այլ աշխատում ենք մոռանալ… Մոռանալ… Քի՞չ բան կա մոռանալու…

Այդ միջոցին մի աղմուկ բարձրացավ փողոցում։ Հեռվից նախ երևացին դեպի մեզ արշավող վեց պարսիկ ձիավորներ՝ երկու կարգ շարված. նրանց ետևից սլանում էր չորս ձի լծած մի բաց կառք, որի մեջ փքված բազմել էր մի պարսիկ ազնվական, հագած թիրմայի թանկագին շալից շքեղ մուշտակ։

Մի խումբ աղքատներ ցնցոտիներով, կանայք կիսամերկ, մանուկներ՝ ցեխաթաթախ, սրթսրթալով, ատամները կափ-կափելով, վազում էին կառքի երկու կողմից՝ ձեռքերը պարզած, աղաչավոր ձայներով.

— Աղա՞ ջան, մի դրամ…

— Տե՛ր իշխան, մի սև փող…

Ժողովուրդը ճանապարհ էր տվել, կառքը սրանում էր. ցնցոտիներով տասնավոր մուրացիկները ճղփացնելով ցեխն ու ջուրը, վազում էին, և ազնվականը փքված՝ դիտում էր անհոգությամբ այդ բոլորը։

Մերկ դերվիշն ինձ նայեց, հետո ազնվականին և ասաց.

— Հարկ չէ՞ մոռանալ այդ… կարելի՞ է առանց աֆիոնի…