Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/322

Այս էջը հաստատված է

Մի քիչ լռեց, հետո հանկարծ աչքերը փայլեցին:

-Մեր նահանգապետն է,– շարունակեց նա,– երկիրը հարյուր հազարով գնել է, որ երկու հարյուր հազար շահի… և ահա թե որպես է շահում… Հարկավոր չէ՞ ծխել: Ինձ երբեմն թվում է, որ այս բոլորը երազ է և որ երբ աֆիոն եմ ծխում, այն ժամանակ միայն մտնում եմ իրական կյանքի մեջ, այն ժամանակ միայն զարթնում եմ քնից… Օ՜խ, ծխի՛ր աֆիոն, տե՛ր, պիտի տեսնես, թե որպե՜ս կմոռանաս այդ բոլորը, այդ ցավերն ու անիրավությունը… Փողոցի մեջ, պատերի տակ, ցեխի անկողնի վրա է, որ պառկում ենք մենք, իսկ մեզնով հարստացողը թիրմայի շալի մուշտակով է զբոսնում…

Հետո մի դանդաղ ակնարկ էլ ձգեց քիչ-քիչ ետ մնացող մուրացիկների վրա, սրացող կառքին և երբ կծկվում էր վերարկուով, ասաց.

- Կյանքը, երջանկությունը միմիայն քնելու մեջն է, իսկ այս բոլորն երազ է, վատ կոշմար… Անցի՛ր, տե՛ր, մի՛ խանգարի քնելու…

Ու ամփոփված, գլուխը խոնարհած՝ անշարժացավ։

Երբ վերադառնում էի, դերվիշը միշտ նույն տեղն էր, մի՛շտ անշարժ, գլուխը կրծքի վրա, ինքնամոռացության մեջ…

1897

ՄԵՌՆՈՂՆԵՐԸ ԲԱՐԵՎՈԻՄ ԵՆ ՁԵԶ

1

Ապահովության մեջ ապրող բարեկամ։

…Չի անցնի մի քանի օր, և այստեղ էլ, ինչպես մեր սիրուն երկրի ամեն մի անկյուն, կողողվի մեր արյունով։ Մեր դիակները սփռոց կլինեն փողոցներին, մեր շքեղ հայրենիքի երկինքը կսևանա ագռավների բազմությունից, և օդը կլցվի նրանց կռկռոցով…

Ո՛ր կողմը դառնաս՝ ավերակ ես տեսնելու, ո՛ր տունը մտնես՝ բռնաբարված ու ձգված աղջիկ, գետնատարած մայրեր, գլուխները սյուների վրա ջախջախված մանուկներ ես տեսնելու և գերեզմաննե՜ր, գերեզմաննե՜ր…

Ես էլ, բոլոր ազգականներդ, ծանոթներդ, — մինչև ետինը՝ մեռնելու ենք սահմանված և քեզ բարև ունենք, պանդուխտ եղբայր, որ գուցե դեռ շատ ապրես, շուտով գաս մեր գերեզմաններին այցելելու և նրանց վրա կանգնած՝ հայրենիքիդ ողբը երգես։