Սակայն ո՞վ էր ուշք դարձնողը։ Միևնույնը չէ՞ր։ Ավելի լավ էր նախօրոք մեռնել, քան հետո ընկնել թուրք զինվորների ձեռքը…
Մի ուրիշ տեղ կուչ են եկել ահա կին ու մանուկներ, միմյանց են կպել ու լալիս են։
Ւնչպիսի՜ լաց…
Եվ պառավներ, որոնք կուրծք են ծեծում, աղոթում…
Լուր է պտտում, որ կոտորածն սկսվել է։ Երբեմն ականջիս են հասնում խուլ, բայց հաճախ կրկնվող հրացանաձգության ձայներ:
Չգիտեմ ե՞րբ էր—այլևս ժամանակը գոյություն չունի մեզ համար- եկեղեցի մտավ մի երիտասարդ։ Նա էր, որ պատմեց, թե պահակ զինվորները սպանել են Վահանին։ Սպանող թուրքին տարել են պալատ և այնտեղ հայտնել, թե սպանված մահմեդականին խլել են ապստամբ գյավուրների ձեռքից։ Մահմեդականները այդ ժամանակ ամեն կողմից սկսել են գոռալ.
— Մա՛հ գյավուրներին…
Եվ շուկայի վրա էին հարձակվել։ Մենք, որ գիշերն ամբողջ անցկացրինք եկեղեցու մեջ—մոտ երեք-չորս հարյուր հոգի, անոթի, անծածկոց, վախից կիսամեռ, գրեթե անզեն— առավոտյան միայն իմացանք, որ շուկան կատարելապես թալանել էին։
Գրեթե ոչ ոք չաղաղակեց։ Մեռելային գունատություն պատեց բոլորին։ Կթոտեցին ոտքեր և շատերն սկսեցին ծնկները ծեծելով լալ։
Լսվում էին հառաչներ միայն։ Տեսնվում էին կույտ առ կույտ, փոթորկից ջարդված հոտի պես միմյանց կռթնած, գետնի վրա փռված, անկյուններում կծկված, աննպատակ թափառող, անմիտ հայացքով նայող ծերեր, մանուկներ, կանայք։
2
Կեսօրն անցել է։
Մեզնից շատերին հաջողվեց տուն գնալ, պաշար ու ծածկոց բերել:
Քաղաքում տիրում է մի մեռելային ծանր, ճնշող լռություն։ Անցադարձ գրեթե չկա։ Շատերը դեռ մնում են իրենց տների մառաններում թաքնված, մութ խորշերում պահված։
Մի քանիսը հույս են տածում, որ վտանգն անցել է, որ փոթորիկը վերջացել է։
Բայց խորին լռությունը ավելի սարսափ է ազդում։
Այդ լռությունը փշրող փոթորիկի նախընթացն էր։
Այդպես է լինում մի րոպե, երբ հետևում է կործանիչ հեղեղը, ավերիչ