3
Դեռ ապրում եմ։
Ապրե՞լ ես դու այսպես, բարեկամ, կանգնած՝ ծխացող, արյունաշաղախ ավերակների կույտի, հառաչող, վերքերի մեջ տառապող-տապլտկող ազգականներիդ, ծնողներիդ, բարեկամներիդ դիակների, փլող տների, սարսափից ապշած, վախից՝ քրքիջ արձակող կանանց, իրենց կորցրած երեխայի պես լացող, հեկեկող տղամարդերի մեջտեղ…
Ապրե՞լ ես դա երբեք այսպես՝ կանգնած մի քանի խումբ գունաթափ, բայց անհողդողդ երիտասարդների հետ, ոգի ի բռին, գիտակից պատրաստ մեռնելու, զոհելու իրենց կյանքը…
Եվ սուլում են ահա գլխիս չորս կողմից թշնամիների արձակած գնդակները, ականջս խլացնում են շրջապատիս շփոթն ու լացը, թշնամու ոռնոցն ու հայհոյանքը։
Առաջին ժամին կորցրել էի ինձ։ Հրացանս պարպվում էր անօգուտ կամ՝ առանց նպատակի, նայում էի՝ առանց տեսնելու, լսում էի՝ առանց ականջ դնելու։
Ոչինչ չէի հասկանում։ Տեսնում էի, որ շրջապատում ընկնում էին ծանոթներս ու բարեկամներս և գալարվում, տանջվում։ Դիմացից նույնպես։
Մի վայրկյան, ձայների դադարման և տիրող կարճատև լռության մեջ ականջիս հասան վիրավորվածների հառաչներ… ապա՝ հեռավոր, անթիվ ամբոխի ոռնոցները և գետի տխուր, միատեսակ խշշոցը…
Առաջին ժամից հետո, սակայն, մի տեսակ սթափման մեջ գտա ինձ։ Եվ ականջ դրի։
— Տղե՛րք, քա՛ջ եղեք…— հասկացա մեր գլխավորի որոտացող ձայնը,— կրակեցե՛ք, ողջ–ողջ անձնատուր չլինենք։
Եվ պայթում են հրացանները, կրակ ժայթքում։ Տաք ծուխը ծածկում է մի րոպե ամեն ինչ, հետո ցրվում և հետզհետե նորից երևցնում մոտեցող զինվորների սվինների շարքը…
Զինվորներ են, այո՛, շարքով կանգնած, լցնում են հրացանները, միասին բարձրացնում… Թնդում է ապա մի ահեղ ձայն, և մեր դռների ու լուսամուտների վրա ցնցումներ են տեղի ունենում, փշրվածքներ, ահագին ճեղքվածքներ. լսվում են ճիչեր, աղաղակ…
Որքան տևեց այդ-չգիտեմ…
Հանկարծ եկող զինվորների շարքը կանգ է առնում, իր ետևից լսվում են էլի ոռնոցներ, երևան է գալիս թուրք ամբոխը, կատաղի, դուրս եկած թալանած տներից, քարշ է տալիս իր հետ ուտելիք, հագնելիք, գորգ, վերմակ… աղջիկներ, ծերունիներ, մայրեր…