Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/329

Այս էջը հաստատված է

Ահա այդ րոպեին էր, որ աչքս հանկարծ ընկավ մի քուրդի բազուկների վրա քարշ եկող կնոջ դեմքին:

Կինս էր:

Բարձրացրել էի հրացանս, ետ չքաշեցի. աչքերս միայն փակեցի և… կրակեցի…

Ու երբ բացի, կինս ընկած էր, և քուրդը թավալում էր նրա կողքին:

Շատ հեռու չէին. ինքնամոռացության մի րոպեի մեջ դուրս նետվեցի, երկու ոստյունով հասա, խլեցի կնոջս դիակը, բարձրացրի և ետ եկա։

Ոչ ոք չդիպավ ինձ։

Մեռել էր. գնդակս ծակել էր գլուխը, և աչքերը սոսկումով ինձ էին նայում։

Ցած դրի պառավ մորս կողքին.

— Հարսդ է, մայրիկ… ես սպանեցի…

Ու միացա խմբին։

Հրացանում ենք. շուտով սրերի կդիմենք…

Ո՞վ մեզնից արդյոք կենդանի պիտի մնա…

Մնաք բարև, ապահովության մեջ ապրող բարեկամներ, մեռնողները բարևում են ձեզ…

1899

ՉՌՉՌ—ՔԱՐ

Իջել էինք սայլից, թողնելով որ հևիհև գար նա միանալու մեզ: Մագլցել էինք վերջին քարաժայռը և այժմ նրա մյուս կողմն անցած՝ նստել էինք անմոռուկների մի շքեղ մարգի վրա և դիտում հեռանկարը, որ փռվում էր մեր ոտքերի տակ։

Ամառնամուտի այդ սքանչելի պահուն, գիշերային առատ ցողի տակ ճղփացող անտառը բացվում էր ներքևում, ազատվելով հետզհետե ցրվող մշուշից։

Սեպաձև, հսկա ապառաժներով անտառոտ լեռները, մազերը գլխների վրա դիզացած վիթխարիների նման, գագաթնին ամպերի մեջ, կողերն ի վար հոսանուտ ժայռեր թավալագլոր, այս-այն կողմ անհատական խորխորատներ, մթին անդունդներ ու կանաչ հագած ծործորներ՝ հաջորդում էին իրար: