Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/331

Այս էջը հաստատված է

տալով հողին, ժայռին թարմ, գորշ գույն՝ լվացած լինելով թփի և բույսի փոշին։

— Այնտեղ է ահա՛ գյուղը,— մատը պարզեց դեպի հեռավոր հորիզոնը՝ ընկերս։

Եվ մեր հայացքներն ուղղվեցին դեպի մշուշալից բլրակները։

Մի քանի ժամ ևս ու պիտի գնայինք այդ կանաչ, երանավետ վայրերում հանգչելու, թողած քաղաքի սեղմ օդը, ժխորն ու աղմուկը։

Մինչ այդ մեր սայլը, բազմաչարչար այդ փայտե արկղը, ցնցվելով, ճռճռալով, ամեն քայլին փշուր-փշուր լինելու սպառնալով՝ գալիս հասնում էր մեզ։

Զառիվերը վերջացել էր. պիտի իջնեինք այնուհետև. քիչ հետո անտառն էլ ցանցառանում էր, և դաշտի բաց հորիզոնն իր կանաչ տարածությամբ՝ մի նո՛ր հրճվանք էր պատճառում։

Մի քանի ոստյուններից հետո սայլը կանգ առավ և նստեցինք։ Իջնում էինք արագ, իրավ է, սակայն դեռ էլի քսան րոպե անհնար եղավ բա՛ռ իսկ արտասանել: Կառչում էինք սայլի կողերին, սրտերնիս դող էր ելնում, երբ անտանելի արկղը ծռվում էր դեպի անդունդը՝ սոսկալի ցնցումներ գործելով քարակույտերի վրա։ Ականջ խլացնող նրա դղրդյունը գրավել էր մեր ամբողջ լսողությունը։

— Քի՛չ տեղ է,— հաջողեց ասել մեզ ընկերս, որ տեղացի մի երիտասարդ էր և քաղաքում բնակվող.— երբ այդ Չռչռ-քարն անցնենք, այնուհետև հարթ է։

Չռչռ-քար կոչվածը մի ժայռոտ և անտառապատ լեռ էր, որ ցցվում էր կնճռոտ ձորակի ծայրին։ Տեսնում էինք նրա կրծքի վրա ապառաժները ճեղքած և դեպի անդունդը խոնարհված կաղնիների տակ, մթին, խոշոր քարայրներ, դեպի որոնց հասնելը մեզ թվում էր ուղղակի անհնարին։

Երբ քիչ ավելի հարթ տեղ էինք հասել, հարցրի նրանց մասին։

— Այնտեղ մեղվի փեթակներ էին պահում գյուղացիք, երևի առաջ փարախներ են եղել և կամ, ո՞վ գիտե, ինչ։ Սակայն այդ այրերը նշանավոր են նրանով, որ այնտեղ են սպանված եղել Հասար գյուղացի չորս հայտնի եղբայրները… Անշուշտ, լսած պիտի լինեիք նրանց մասին։

— Ո՛չ,— ասացի ես,— ի՞նչ եղբայրներ են դրանք։

Ընկերս գլխով համբերության հրավիրեց, մինչև որ մեր աղիքները հանգիստ գտնեին քարերի վրա ոստնող սայլից։ Եվ երբ վերջին վայրենի տանձենուց հետո հարթ տեղ ընկանք, այնտեղ, մինչ ձիերին շունչ էին առնել տալիս, պատմեց մեզ Չռչռ–քարի մասին։

— Հասարցի չորս եղբայրներ էին, իրենց գյուղի ամենակտրիճները: