Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/333

Այս էջը հաստատված է

ամենաշքեղն է. վանդակապատ, վանդակներն էլ կանաչ յուղաներկ…

— Գյուղացի՞ք են շինել։

— Որդին… գյուղացիք միայն թույլ տվին, կարծեմ միջնորդեցին էլ առաջնորդին, որ եկեղեցու դռան մոտ թաղվի… «Լուսահոգին իշխա՛ն մարդ էր»,— մինչև հիմա էլ ձեզ կասի մեր գյուղի «Խոլերան»:

— «Խոլերա՞ն»… դա ո՞վ է:

— Կծանոթանաք,— ծիծաղեց ընկերս.— երբ ամառվա շոգին, խանութների առաջ մուշտակով նստած տեսնեք մի մեծ փափախով, դժգույն, կարծես խոլերա ծերունի — դա «Խոլերան» է…

— Հետո՞,— միջամտեց փեսաս.— վաշխառուի պատմությունդ շարունակիր։

— Սը՛ս… զգույշ,— խրատեց ընկերս՝ կռանալով դեպի մեզ,– սայլապանը մեր գյուղացի է. իմացեք, ձեր ո՛չ մի ածականը չի մոռանա գոյականին կպցնելու… Եվ դա կանի ա՛յն ժամանակ, երր որևէ բանով վիրավորեք նրան, օրինակ՝ կովին չթողնեք, որ ձեր բանջարներն ուտի և կամ այծերին քշեք, եթե նրանք խմբովին այցելեն ձեր տնկած ծառերին…

— Պատմությունդ չմոռանաս…

— Ո՛չ,— ժպտաց ընկերս,— 18 տարի է, որ չեմ մոռացել: Ես դեռ երեխա էի այն ժամանակ. բայց, երևի, իմ թոռն էլ, եթե ձեր թոռներին հանդիպի, նույն ճշտությամբ կպատմի նրանց՝ Հաբեթ աղայի և չորս եղբայրների մասին… Նմանը չտեսնված դեպք էր այդ… Ահա՛, նայե՛ք, այժմ պարզ երևում է այդ կաղնիների խումբը քարայրների վերևում… այդ մացառները… Այնտեղ էր, որ երկար ժամանակ ապաստան գտան չորս եղբայրները, այնտեղ էին նետել իրենց խեղճերը վերջին արյունոտ րոպեներին… Ես ոստնում եմ մեր արկղի պես… Վերադառնանք ուրեմն Հաբեթ աղային… Եվ այսպես, նա իր գրպանի և բռան մեջ էր հուպ տվել մի ամբողջ գավառ։ Իր յուղը, պանիրը, բուրդն ու հնձվորները— տոկոսի տոկոսներն էին. իսկ տոկոսի տոկոսի՛ տոկոսները— «այսօր բաղս փորելու եկ, Արշա՛կ… էգուց եզներդ ղրկիր գութանի, Մարկո՛ս… Եկող շաբաթ պատս պիտի շինես, ուստա՛ Ղազար…» և կամ «էս ո՞ւր ես, ա՛յ հարամզադա Թորոս, բաս թողնելու ես, որ էս ծեր հալովս ե՞ս գնամ ցորեն հնձեմ, բերեմ կալը»… Հասկանո՞ւմ եք… Սրանք բուն տոկոսներ չէին դեռ. բուն տոկոսները սկսում էին ձմեռնամուտին…— «Ղազա՛ր, մուրհակիդ օրը հասել է… Ադա Մարկո՛ս, փողս չե՞ս տալու… Տո Արշա՛կ, թե փող չունես տոկոսը տալու, էլ ո՞ւր ես հարոցիդ խոտը