կյանքի վերջը երդվում էր, որ նա չէր կամեցել Հաբեթ աղայի մի մազն իսկ շարժել տեղից, այլ միմիայն դիզած մուրհակները ոչնչացնել և մի քանի հարյուր ռուբլի ձեռք բերել-գնալ ուրիշ երկրում տեղավորվելու, համար… Բայց փող քիչ են գտնում, հազիվ երկու հարյուր, աղան, ըսա երևույթին, զգույշ մարդ է եղել… Ինչ որ էլ լիներ, գլխավոր խնդիրը կատարված էր, ամրողջ գավառի շղթաները՝ մուրհակները ոչնչացած էին… Եղբայրները գոհ, պատրաստվում են հեռանալու։ Սողոմոնը կամենում է հետը վերցնել նաև աղայի լի հրացանը, վախենալով, որ հետևիցը չխփեն իրենց… Խելոք էր մտածում. Հաբեթ աղային ճանաչողը պիտի իրավունք տար Սողոմոնի կասկածներին…
Բայց, գրված էր, մուրհակներից հետո նրանց տերը ապրել չէր կարող… Հիմարությո՞ւն է գալիս Հաբեթ աղայի վրա այդ միջոցին, թե՞ հիրավի, նա կամենում է եղել եղբայրներին ետևից զարնել-փաստն այն է, որ նա անմիջապես բռնում է հրացանի փողից և չի թողնում, որ տանեն։
- Ինչ որ տարար, վնաս չունի,- գոչում է նա,- բայց հրացանս թող պապենական հիշատակ է…
- Թո՛ղ տուր, շո՛ւն,- ճգնում է նրա ձեռքիցը քաշել Սողոմոնը,- թողնեմ որ ետևիցս զարնե՞ս մեզնից մեկին…
- Ո՛չ, երդվում եմ…
- Երդվո՞ւմ… քեզ նման շո՞ւնը… թո՛ղ տուր…
Եվ պինդ, գետնի երեսին քարշ գալով կառչում է աղան իր հրացանի փողից…
Մինչ այդ, աղայի կինը սթափվում է, դուրս է սպրդում և ճիչ ու աղմուկ բարձրացնում։ Լսվում են աղմուկներ, շների հաչոց։ Պե՛տք էր փախչել, բայց աղան ձյութի պես կպել է հրացանից, ո՛չ աքացիները, ոչ գլխին տված բռունցքները, ոչինչ չեն հաջողում պոկել նրան… Եղբայրները հասկանում են, որ զզվելի վաշխառուն դիտմամբ է սարքում այս տեսարանը, մինչև օգնության հասնեն, բռնեն նրանց, և կամ, եթե հրացանը թողնեին, գնդակահար աներ ետևից մեկնումեկին…
- Շու՛տ, եղբայր,- ձայնում է Սողոմոնին կրտսերը,- գալիս են, վե՛րջ տուր՝ գնանք, գյուղը ոտքի է ելնում…
- Ի՞նչ անեմ, թողնե՞մ հրացանը…
- Տո ի՞նչ ես շվարել,- գոչում է Ղուկասը, բլթակը քաշիր և մեկ շահին ետ տուր…
Փամփուշտին էր ակնարկում, չէ՞ որ հատը 5 կոպեկ արժի։ Ուզում էր ասել թե՝ գնդակահարիր…
Եվ իրավ, ուրիշ ճար չկար… Սողոմոնը քաշում է բլթակը…