առաջ… Ծերունի հայրը արյունատապալ մեռած, իսկ մանուկը անոթությունից և հուզմունքներից նվաղած՝ նրա կրծքի վրա…
Աստիճանավորը հրամայում է ձեռք չտալ դիակին, ետ քաշվել։ Լուռ՝ գրկում է մանուկին և հեռանում արյունոտ լեռներից…
* * *
Պատմեց ընկերս և լռեց։
Դուզանը երևում էր դաշտի ծայրում, իր կարմիր տանիքներով, գետեզրի ծառաստաններով։ Մեր կառքը, ընկած հարթ հողի վրա, գլորվում էր արագությամբ։
— Եվ ի՞նչ եղավ պատանին,— հարցրեց փեսաս։
— Ուսումի տվին նրան… Այժմ, տեսնողներն ասում են, որ հեռու մի քաղաքում «լավ մարդ» է դարձել նա… Իսկ թե այդ «լավ» մարդը երբևիցե պիտի գա՞ արդյոք գո՛նե իր թշվառ հոր արյունոտ գերեզմանին մի համբույր տալու… Չգիտեմ…
Ոչ ոք չխոսեց այլևս։ Կառապանը նստեց, սանձերը ժողովեց ու մտրակեց ձիերին…
1904
ԿՈԻՅՐԸ
1
Չնայելով որ ճոթեղենի երկու խանութ միայն կար գյուղական հրապարակում, բայց Կիրակոսենց Գալոյինն անհամեմատ ավելի լավն էր։ նախ, որ Սարոյենց Թորոսի խանութի նման «ջհուդի բազար» չէր. այսինքն, ամեն ինչ միմյանց կողքի և իրար վրա լցրած՝ մի նեղ ու ցածլիկ ծակ.— մաստակը չթի կողքին, պապիրոսը ապակու մոտ և ձեթի տակառի առաջ. նեֆտի ու մազութի ամաններն էլ, ներս մտնելուն պես, քթիդ տակը։
Ո՛չ, Գալոյի տղան ծառայել էր քաղաքում, մարդ էր տեսել, խանութ կառավարել գիտեր: Ճոթեղենը կարգով, մաքուր դարսած խանութի մի մասում, առանձին, ապակեպատ դռնով բաժանմունքի մեջ. իսկ այս մյուսը ծառայում էր միմիայն մանրուքի՝ ապակեղեն, երկաթեղեն, ուտելիք, ծխելիք. մազութը, ձեթն ու նեֆտն էլ ծածկված դռան ետևը։