Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/343

Այս էջը հաստատված է

ըմբռնել կամեցողի ուշադրությամբ՝ հետևում էր հրապարակի վրա եղածներին։

Ուզեցի խոսեցնել նրան՝ ըմբռնելու համար այդ տիպերը։

-Լավ խանութ ունեք,— ասացի,— իսկ առևտո՛ւրը ինչպես։

-Ի՛հ,— արեց նա արհամարհությամբ,— եթե այս գյուղացոց նայեինք, մեր օրը օր չէր լինի։

Ու խուսափեց ինձ նայելուց։

-Պարոն Արշակը,— նկատեց վարժապետը,— առևտուր ունի շատ գյուղերի հետ. գալիս են ճոթ են տանում և փոխարենը իր ժամանակին յուղ, պանիր, ցորեն… Բացի դրանից, հայրը կարողության տեր է. ունի հողեր, զանազան եկամուտներ…

«Եկամուտ» բառը նա շեշտեց։ Զգացի, բայց ձայն չհանեցի․ իսկ Արշակն ուսերը թոթվեց և առանց առարկություն անելու՝ ակնարկը դարձրեց մի կողմը։

Մինչ այդ ծերունի ընկերս, որ անշարժ նստել և մանավանդ տխուր խոսքեր լսել երբեք չէր սիրում, ելավ, մոտ գնաց գյուղացիներին և նրանց հետ խոսակցության բռնվեց։

Ահա այդ միջոցին էր, որ մի ձիավոր, դուրս գալով եկեղեցու կողքի փողոցից, կանգ առավ հրապարակի վրա։

Նրա երևույթն անմիջապես շարժում առաջացրեց ամեն կողմ։

-Վա՛յ, Ալեքսեյն է…– ձայնեց իսկույն Արշակը և մի քանի քայլ դուրս գնաց դեպի ձիավորը։

Վարժապետն էլ ելավ ու դիմավորեց։

Եկողն անտառապահն էր՝ հրացանն ուսին և փամփշտակալը կրծքի վրա։


2

Յուրաքանչյուր պաշտոնյա, լինի նույնիսկ անտառի հասարակ պահապան—և եթե կուզեք՝ այս վերջին տեսակի ստորին պաշտոնյաները մանավանդ—կարևոր անձնավորություն է գյուղում։ Պիտի գյուղացի լինել և կամ գյուղում ապրելով թափանցել գյուղացոց ներքին կյանքի մեջ, ըմբռնելու, թե ի՜նչ մեծ նշանակություն ունի մի այդպիսի պաշտոնյայի տխուր կամ ուրախ տրամադրությունը՝ գյուղացոց կյանքի համար։

Եվ գյուղացիք ամեն ջանք ի գործ են դնում միշտ ուրախ տրամադրության մեջ պահելու նրանց։

Այդ էր պատճառն ահա, որ հրապարակի վրա կանգնած գյուղացիների մեջ իսկույն մի շարժումն ընկավ։ Դիմացի Սարոյենց Թորոսի խանութից