Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/345

Այս էջը հաստատված է

Եթե նրան չշոյեին, ով գիտե, ամբողջ ձմեռը կարող էր առանց փայտի թողնել գյուղացոց։ Այսինքն, իհարկե, տոմսակ ունեցողներին նշանակած չափով թույլ կտար կտրելու, բայց ախր բոլորը խո տոմսակ չունեի՞ն, և վերջապես որտեղի՞ց գյուղացին կարողանար վճարելով ունենալ տախտակացու, գերան… ծախելու փայտ… Ապրե՞լ էր հարկավոր, ուստի և պետք էր շոյել, ուտեցնել-խմեցնել, երբեմն էլ ափը շոշափել, խտղեցնել…

Թեև գյուղացիների հետ անտառապահը համարձակ, գրեթե իշխանաբար էր վարվում, բայց ինձ հետ նա համեստաբար սկսեց։ Ատամների միջով մի քանի ռուսերեն բառեր դուրս թողեց և ձեռքը տարով օղիի բաժակին։

Օս էր․ արտասանությունը և սոսկալի ռուսերենն էլ այդ ցույց տվավ։

— Գիտե՞ք,— դարձավ ինձ այդ ժամանակ վարժապետը՝ նախապես պահանջելով լռություն սենյակի մեջ եղողներից,— մեր Ալեքսեյը, պարո՛ն Երվանդ, մի շա՛տ լավ, ընկեր տղա է. թող ձեզ ծանոթացնեմ նրա հետ… վաղո՛ւց նա մեր անտառների գլխավոր պահապանն է (обьездцик), բայց դեռ ո՛չ մի վատություն չենք տեսել և հույս ունենք, որ այս անգամ էլ չենք տեսնի նրանից…

Պահապանը ժպտաց և գլուխը ցնցեց։ Թեև հայերեն էր խոսում վարժապետը, բայց նա հասկանում էր շատ լավ։

— Ո՛չ, ներեցեք…,— շարունակեց վարժապետը,— ինչո՞ւ ես ծիծաղում, Ալեքսեյ, սո՞ւտ եմ ասում… մինչև օրս դեռ ոչ ոքի ո՛չ կացինն ես խլել, ոչ ցեպը (շղթան) և ոչ էլ մի էնպես վնաս տվող պրատակոլ (արձանագրություն) կազմել… Դուք ասե՛ք, ա՜ խալխը, քի՞չ լավություն եք տեսել այս մարդուց… ո՞ր մեկդ իր ուզածի չափ փայտ չի ունեցել, ո՞ր մեկիդ մերժել է՝ է՛լ գերան, է՛լ խվորոստ[1]… Այդպե՜ս է, պարո՛ն Երվանդ, ես չեմ ստում, Ալեքսեյը մեր բարեկամն է, խմենք առաջ մեկ նրա կենացը…

Ասաց և ձեռքի մեծ բաժակով օղին մի ումպով դատարկեց, ու երբ նստում էր՝ ավելացրեց ժպտալով.

— Անտառի մեջ, պարո՛ն, այն եղևնիների կողքին մի սքանչելի տեղ խրճիթ ունի՜, որ քեֆդ գա… Մի օր կգնանք քեֆի, մի լավ գառը կտանենք… Այնպես չէ՞, Ալեքսեյ։

— Համեցեք,— ասաց պահապանը և նույն կերպով պարպեց մեծ բաժակով օղին։

Սոսկացի, երբ տեսա, թե ինչպիսի՜ դյուրությամբ ամենքը դատարկեցին

  1. եկար ճյուղեր, որոնցից գյուղերում ցանկապատեր են շինում հաճախ։