Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/350

Այս էջը հաստատված է

– Հա՞… նո՛ւ…– զիջավ վարդապետը, որ արդեն հարբել էր,―լավ, թող պարոնները խոսան… Հը՛մ, ինչո՞ւ չէ, թազա խա… խաբարնե՛ր… Համեցե՛ք…

Ու ձեռքի բաժակը զարնելով անտառապահի բաժակին, երկուսն էլ միմյանց ժպտալով խմեցին։

Առհասարակ անտառապահը քիչ էր խոսում։ Ըստ երևույթին՝ քաշվում էր մեզնից։ Շուտով սակայն Ջավադը դարձավ դեպի նա և սկսեց ցած ձայնով մի բան պատմել, վարժապետն ընկերիս հետ խոսակցության բռնվեց և այսպես, խոսակցությունն ընդհանուրից մասնավորի դարձավ։

- Դե՞հ, պատմիր տեսնենք, պարո՞ն,— դարձավ ինձ ծերունի երեցփոխը,— պատմիր նոր բաներ… ականջ մի՛ անիլ շատ էդ մեր ջահելների ափեղ-ցփեղ խոսքերին, մի քիչ շատ են քաղաքի երեսը տեսել…

3

Այդպես էր, որ սկսվեց մեր ծանոթությունը գյուղացոց հետ, գինետան մեջ, օղիի և գինու շիշերի առաջ։ Պաշտոնապես միայն Սարոյենց Ջավադն իր, որ ձեռքը պարզելով, քաղաքացու նման, իր անունն ու ազգանունն էր տվել։ Մյուսներր բոլորն էլ խոսակցության բռնվեցին, և ահա ամենքի հետ էլ ծանոթացանք։

Սկզբում ոչ ոքի անունը չգիտեի։ Եվ ի՞նչ հարկ իմանալ։ Կնճռոտ, շոր դեմքեր էին, որ միմյանցից սակավ էին զանազանվում։ Ամենքն էլ մեզ նայելիս նախ մեր շորերն էին զննում, ապա, խորին ուշադրությամբ լսում մեզ, դիտում մեր դեմքի գծերը, կարծես կամենալով իմանալ, թե ինչ տեսակ մարդիկ էինք մենք։ Իսկ երբ բավական լուռ քննել էին, կամաց-կամաց, խորամանկ, պտուտավոր հարցուփորձերով տեղեկանում էին, թե որ տեղացիներ էինք, քաղաքում ի՞նչ գործերի տեր, այնտեղ սեփական տներ ունեինք, թե՞ վարձվորներ էինք, ամուսնացած, ընտանիքի տեր… և թե ինչ նպատակով էինք գյուղ գալ ուզում ամառանո՞ց, քեֆի՞ համար, թե՞ որևէ գործի ձեռնարկելու, շահ սպասելու… Եվ եթե գործի ձեռնարկելու՝ ի՞նչ էինք մտադիր անելու, օրինակ, մեղուներ ունենալ, կաղամբ ցանել, ծա՞ռ տնկել… բայց դրանք խո բոլորն էլ գիտեն… իսկ նոր. նոր բա՞ն… ուրիշ ոչի՞նչ առայժմ։ Բայց չէ որ այդ բոլորը ոչ մի եկամուտ չէր բերի, մարդ դրանով մի՞թե կարող էր փսղ աշխատել… Մտադիր չէինք հարստանալ, փող շահե՞լ… Զարմանք… Ուրեմն ինչու էինք եկել։ Գյուղի կյանքն ուսումնասիրելու, գյուղացոց օգտակար լինելու… ճի՞շտ էինք ասում, թե՞ ծիծաղում էինք