Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/353

Այս էջը հաստատված է

Երեցփոխը լռեց, նայեց իրեն ուղղված զայրագին ակնարկներին, գլուխը ցնցեց, հետո կամացուկ ելավ և դուրս գնաց։

– Թեև լսում էի և կիսովին դեմքս անտառապահին էի դարձրել, բայց լավ նկատեցի, թե ինչե՜ր կատարվեցին այնուհետև լռությամբ։

Ծերունուն գյուղացիները մռմռոցով ճանապարհ բացին. Ջավադը մի թունդ հայհոյանք շպրտեց նրա ետևից կիսաձայն, հետո մի քանի երիտասարդներ դուրս գնացին նրա ետևից, դուռը խնամքով փակեցին,և լսեցի, թե ինչպես գոռգոռում էին խանութի մեջ։

Ելա և ուզեցի դուրս գնալ. սենյակի օդը ծանրացել էր, և արբածների տեսքը զզվելի էր դառնում։ Բացի դրանից, հետաքրքիր էր, թե ի՞նչ էին ասում այնտեղ ծերունի երեցփոխին։ Բայց Ջավադը երևի ըմբոներ մտադրությունս, որովհետև մեկեն պարզեր դեպի ինձ մի բաժակ գինի ձեռքին և գոչեց.

— Ու՞ր ես գնում, պարո՛ն, հլա մեկ էս բաժակով խմիր պապաջայիս կենացը… Չե՞ս խմում, չհավանեցի՞ր մեր գինուն… Դե՛, ինչ անենք, մեր սարերում խաղող չի բուսնում… Հլա մեկ սպասի՛ր, քեզ ասելիքներ ունեմ…

— Ասա՛,– կանգ առա ես։

— Դու էդ ախմախի խոսքերին մի՛ լսի– դու ջահել մարդ ես, գիտես, որ մարդ երբ ծերանում ա, խելքը քիչ պակասում ա… համ էլ դա մի քիչ, ընենց, էլի՛…

Առանց ուշք դարձնելու խոսքերին, դիմեցի դեպի դուռը։ Ճշմարիտ է, այնտեղ կանգնածները ճանապարհ տվին, բայց ջանացին խոսակցության բռնել, մեկն էլ ինձնից առաջ դուրս նետվեց, և երբ խանութ ելա, այնտեղ կատարյալ լռություն էր տիրում, երեցփոխն էլ հանցանք գործածի ժպիտ դեմքին՝ ինձ նայեց։

Զգացի, որ ավելորդ էր որևէ բառ արտասանել և դուրս գնացի խանութից, անցա հրապարակն ու սկսեցի դեպի եկեղեցին ելնել մենակ։

Կամաց էի քայլում։ Բացի այն, որ տեսածներիցս ու լսածներիցս առաջացած անախորժ տպավորության տակ՝ խորհում էի, այլև զննում էի շուրջս։

Եկեղեցուց վեր, խճուղին ելնելու կետում, դիմացս դուրս եկավ մի ինչ-որ կույր և նիհար ծերունի, որ շոշափելով ճանապարհը, զգուշությամբ քայլեր դնելով՝ դեպի գյուղն էր իջնում։

Երբ ոտնաձայնս լսեց, պահ մի կանգ առավ։

— Բարև, ծերունի՛,— ասացի ես։

Երեսիս նայեց իր բիբերից զուրկ աչքերով, ձեռքի գավազանը դեպի իրեն քաշեց և ասաց.