Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/356

Այս էջը հաստատված է

ավելի սովորությունից, քան ցրտից, ծածկեց մուշտակի քղանցքով ծնկները և ասաց.

— Ես միշտ խո այսպես չէի… Ե՜ս էլ մի ժամանակ ղոչաղ տղամարդ՝ չափչփում էի մեր անտառները, գործը վախենում էր ինձնից… իսկ այժմ, ի՞նչ եմ ես… մի ուրվական, որ պտտում եմ գյուղում և սրտիս նեղությունից, բարկությունից՝ երգեր երգում.

Է՜հ, կո՛ւյր երգիչ, տխուր ստվեր անցյալի.

Դու մեզ երբե՜ք զվարթ երգեր չես տալի.

Օրը խավար քե՛զ համար, արևն անփայլ քե՛զ համար.

Շա՛տ ապրեցիր-այս աշխարհ թող, հալվի…

— Քո՞ գրածն է,- հարցրի ես։

—Ի՜մ… Այսպես շատերն ունեմ․ ասում եմ՝ գրում են… Է՜հ, ի՞նչ անեմ, տգետ մարդ եմ, երգերս էլ տգետ, անտաշ՝ ինձ նման… էհ, քիչ-միչ կարդացել եմ, լույս դառնա Սարգիս վարդապետի հոգին, նա՜ է ինձ դաս տվել։

— Վաղո՞ւց է, որ կույր ես։

— Տասը տարուց ավելի… Ձիուց ընկա, հետո երկար հիվանդ պառկեցի և երբ ոտքի ելա կույր էի… էհ, փառք իրեն, նրա կամքը հալբաթ այդպես էր… Դե՜հ, բայց, հերիք է իմ մասին, մի քիչ էլ դո՛ւ ասա. Եկել եք գյուղը, լսել եմ, ուզում եք ըստեղ ապրել… Վարժապետը պատմեց… Գիտե՞ս, եղբորս որդին է։

—Այդ ի՞նչ շատ ազգականներ ունես։

— Գյուղի կեսից ավելին… Յոթը եղբայր ենք։ Գալոն էլ իմ եղրայրն է, անիծվի նա։

— Այն հարուստ խանութատե՞րը։

— Այո՜... էդ ջաղացի առուն խո գիտե՞ս, դուքաններիցր ցած, ընտեղից դենը համարյա Կիրակոսենց ցեղն է, դեսը՝ Սարոյենց ցեղը։

— Այդ ջավադի ցե՞ղը։

— Հա՜, ծանոթացա՞ր… խմող, լիրբ տղա է, քաղաքի միկիտանների զավակ… Ասենք, մեծ եղբայրն էլ մի բան չի. այ, նրանց հերն էր լավ մարդ, աղքատասեր, բարի… էդ ինչի՞ց ա, վարժապետ, դու կգիտենաս, որ լավ հոր տղան էլ է փիս դուրս գալիս…

— ժառանգության օրենքը դեռ լավ չի ուսումնասիրված, ո՞վ գիտե. շրջանը, գոյության կռվի միջավայրը…

— Հը՜մ,— արեց ծերունին, որ արձանացած լսում էր ինձ,—՜ չնեղանաս, վարժապետ, բայց ասածներդ գլխումս չմտան, մեկ էլ ասես…