Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/359

Այս էջը հաստատված է

— Շա՛տ ապրե՜ս․․․ Ես մի՛շտ մտածել եմ, որ կատարյալ ուսումը մարդուս լավացնում ա, համա կիսատը՝ լրբացնում։

— Ճիշտ է։

— Ա՛յ, մի երգ էլ ունեմ ասած դրա վրա.

Լավ կարդալը, որդյակ սիրուն,
Կլինի տանդ մեծ սյուն,
Կտա քեզ համեստություն։
Կիսատ կարդալը, որդյա՜կ անպետք,
Չի թողնի ո՛չ մի լավ հետք,
Կդարձնի քեզ լիրբ, անտուն․․․

— Լավ չե՞մ ասել․․․ Հետո ավելացնում եմ թե՝

Ավելի լավ է մնալ տգետ,
Քան ուսանիլ կիսատ, անպետք։

— Դու երևի շատ այդպիսի դրվածքներ կունենաս։

— Ունեմ։ Բոլորը դրել եմ տվել մի տետրակում․․․ Հիմի ճաշի ժամանակ ա. թե արժան կհամարես, վեր կաց գնանք մեր տուն, համ կճաշենք, համ էլ կասեմ քեզ բոլորը։

Ու ոտքի ելավ։ Լռությամբ թևը բռնեցի, և սկսեցինք իջնել դեպի հրապարակը, որից հետո էլ ջրաղացի առուն։

Կույրի խոսակցությոլնը հաճույք էր պատճառում ինձ։ Երևում էր, որ մարդն աշխարհ էր տեսել, այլև իր 10 տարվա կուրության ընթացքում, ինքնամփոփ խորհրդածություններով, հասել էր այն ամենին, ինչ որ ժողովրդի իմաստությունն է արտադրում։

Ճանապարհին նա քիչ խոսեց։ Հրապարակից անցնելիս, նկատեցի, թե ինչպես գյուղացիք հետաքրքրությամբ մեզ էին դիտում՝ ակնարկներ անում միմյանց և ժպտում։

Երբ անցնում էինք Գալոյի խանութի առջևից, որդին, որ նստել էր նստարանի վրա, հեգնող ժպիտով մեզ նայեց։

― Ընկերս դեռ այնտե՞ղ է,— հարց տվի նրան՝ գինետանը ակնարկելով։

― Ո՛չ,— ասաց նա,— նոր դուրս եկան խմբովին և վարժապետի մոտ այդ կողմը գնացին։

Կույրը, քիչ անցնելուց հետո, թեքվեց դեպի ինձ և ցած ձանով ասաց․

— Հիմի մինչև երեկո կլակեն, հետո կսկսեն կռիվ, ղալմաղալ… ափսո՜ս ընկերդ։