Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/361

Այս էջը հաստատված է

Քիչ հետո կանգ էինք առնում մի երկհարկ շինության առաջ, որի մոտից դեպի վտակն էր փռվում ընդարձակ, ծառազարդ և սիրուն պարտեզների մի շարք։ Հիրավի, ծերունին իրավունք ուներ, առվի այս կողմերի հողերը շատ ավելի չավ ու բեղմնավոր էին երևում։

Այդպես էլ էր։ Սարոյենց ցեղի բռնած կողմը, հրապարակից սկսած դեպի վեր՝ տարօրինակ կերպով տները զուրկ էին պարտեզներից, մինչ այս կողմը լիքն էր ծառաստաններով ու ջրերով։

Բայց երկար չկարողացա շուրջս զննելով զբաղվել, որովհետև կույրի տան առաջ տեղի էր ունենում մի այլանդակ տեսարան։

Խանութի հետևում խմող-արբեցողների խումբն էր ամբողջովին այնտեղ և դեռ մի նոր դեմք էլ ավելի։ 10—15 հոգի, բոլորն էլ արբած, երերուն, աղմկալից ձայնով խոսող, միմյանց չհասկացող—ժողովվել էին ինչ-որ գերանների կույտի առաջ և աղմկում, կանչվռտում էին։

Անտառապահը, վարժապետը, նոր դեմքը, որ, ինչպես տեղեկացա, Ջավադի եղբայր տանուտերն էր, խառնվել էին իրար։ Անտառապահի դեմը կտրել էր վարժապետը և ճգնում էր համոզել նրան, իսկ Ջավադի եղբայրը կանչում էր.

- Ինչի՞, ախպե՛ր, փետ են գողացել, թող պրատակոլ շինվի… ո՞ւր եք ողջ գյուղը ձեր կրակովը էրում…

— Աստավ, Ալեքսե՛յ, նո՞ւ…— համոզում էր ուսուցիչը։

— Ինչո՞ւ գողացած,— գոռում էր մի երիտասարդ, որ կույրի որդին էր,— էս փետերը ես առե՛լ եմ, առել…

— Աստված գլխիդ քա՛ր գցի։ Թորո՛ս,— ձայնում էր մի պառավ էլ հեռվից,— տո՛ւնդ գլխիդ ընկնի, բաս մինակ մե՞զ տեսաք…

Մյուս գյուղացիք շրջապատել էին, իսկ թավադը, չարամիտ քրքիջը բերնին, ընկեցիս մի կողմն էր քաշել և ինչ-որ բան էր բացատրում տաքությամբ։

Շրջակա տանիքներից, փողոցի անկյուններից, Գալոյի պատշգամբի լուսամատից՝ դուրս էին ցցվել գլուխներ, կին, մանուկ, տղամարդ՝ կիտվել էին ամեն կողմ։

Եվ ամբողջ այդ աղմկող խումբն այնքան հարբած էր, որ իրար վրա էր ընկնում, առանց միմյանց լսելու գոռգոռում, վիճում։

— Սա՞ ինչ ա, տո…— առաջ քայլեց կույրը բարձրաձայն կանչելով,— Հակո՛բ, ա՛յ տղա, Արա՛մ, դա՛ ինչ ա, ի՞նչ ա եղել…

Ամուսնուն տեսնելով, ճչացող պառավը մոտ վազեց, բռնեց թևիցն ու ասաց.

— Ի՞նչ պիտի լինի, տնա՛շենի մարդ, հրե՛ն, Սարոյենք մատնել են, պահապանն էլ եկել՝ պրատակոլ ա գրում…