Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/362

Այս էջը հաստատված է

— Ո՞նց թե պրատակոլ, ինչի՞․․․

— Փետերի համար.․. էն նոր բերած տախտակացուների․․․ ասումա՝ գողացել եք, ծածուկ բերել, յա 10 մանեթ կտաք, յա թե չէ՝ փետերն էլ տանում եմ ու ձեզ էլ դատաստանի քաշ տալիս…

— Բո՞… բա ըտենց բա՞ն կըլի,— արեց կույրը,— ինչի, մենակ մե՞րը տեսավ… Ես էդ օձ Թորոսի հորը… տո մեկ դենը կացեք տենա՞մ… Ո՞ւր ա աբեշչիկը, վարժապե՞տն ուր ա…

Ասաց, հրեց իր դեմը կեցողներին ու քայլեց դեպի գերանների կողմը, որի տեղը նա լավ գիտեր և գուշակում էր, թե նրա շուրջը պիտի կենտրոնացած լինեին աղմկողները։

— Հա՛, հրես եկավ Մարտիրոսը ինքը,— նկատեց տանուտիրոջ օգնականը,— հլա մեկ արի, Մարտիրոս, էս ո՞ւր ա քո աղեն մեշի՛ցը ծառեր գողացել բերել։

— Ադա, ի՞նչ ես հաչում,— ճչաց նրա վրա կույրը,— ո՞նց թե գողացել… մեկ գնանք քո տունը, տեսնենք դո՞ւ ես մեշեն (անտառը) դարտակել-բերել, թե՞ մենք… ո՞ւր ա աբեշչիկը…

— Ըստեղ եմ,— հառաջացավ դեպի նա երերվելով անտառապահը, — դու… էս փետը պրատակոլ, տասը մանեթ…

— Ո՞նց, տասը մանե՞թ… տո ես քեզ նման հարբանին տասը սիլլա (ապտակ) կտամ, որ քիչ խմես… ինչի՞, բիլե՞թ չունեմ, փետ բերելու ինձ իրավունք չկա՞…

— Ունես… էս փետը… գողացած ա. ե՛ս… ես կտրել էի Սարոյենց համա… ը՛ըմ… յանի ինձ համար․․․

― Տո ի՞նչ ես դուս տալի, լավ տեսե՞լ ես փետը, թե էս խլեզ քյոխվին ես ականջ դնում, յա թե չէ փո՞ղդ ա պակասել ու մարդ չգտա՞ր գեղումը․․․

— Ադա քոռ, քո՛ռ…- մեջ ընկավ տանուտերի օգնականը, մի լիրբ ծիծաղ դեմքին, դու— որ չես տեսնում գերանները, մենք չե՞նք տեսնում… էլ ո՞ւր ես ուշունցի (հայհոյանք) տանում բանը… էն ա ասա, որ գողացել–բերել եք, հանիր մի ոսկի կոխիր ձեռքը, փետն էլ յա տուր տանենք՝ պրծնի գնա էլի՞… ո՞ւր ես կրակը մեծացնում…

— Տո չոռ ու ցավ կտամ, կտա՞մ… որ տանեք…

Վարժապետը, որի աչքերը փոքրացել էին, բայց ճգնում էր զսպել իրեն և տեղնուտեղը կանգնած՝ օրորվում էր, շրթունքները պրկում, ձեռքի փայտն ամուր կոխում գետնին, ճակատը կնճռում և աշխատում էր խիստ կերպարանք ստանալ—փորձեց միջամտել։

Եվ երբ կույրը, տանուտերի օգնականն ու անտառապահը՝ գրեթե երես-երեսի մոտեցրած, ոտների վրա լարված, երեք աքաղաղների պես