էլում էին, նա ձեռքը 3—4 անգամ թափահարեց, գահավիժմամբ առաջ նետվեց, երկու թևերով լայն շարժում գործելով ետ մղեց շրջապատողներին, մտավ աքաղաղների մեջտեղ, ուժգին հրումով հեռացրեց նրանց միմյանցից ու գոչեց.
― Յավա՜շ․․․ յավաշ ասում է՜է՜… յավաշ ասում եմ է՜է .. յավաշ ե՛ս էլ ասեմ… Դո՛ւ, Ալեքսեյ, պաշո՜լ (կորիր)… հեռու գնա… Ըտենց… Դու էլ, քյոխվա, ռեխդ քեզ քաշիր ու յայլա՜, դենը… Ըտենց… Հիմի դո՜ւ, ամի՛, ինձ լսիր…
— Ինչի՞ «յալլա, դենը»,— ձայնեց՝ ոտների վրա ցցվելով, քյոխվան,— յանի ուզում եք, որ ցեպս[1] կախե՞մ… յա… յա թե չէ… Ադա, ո՞ւր ա գզիրը… Շան որդի Սահակ, էդ ո՞ւր ես կորել…
— Տո սուս է՜է՜․.. սուս մեկ,— կանչեց նրա վրա վարժապետն ու սաները լայն-լայն դնելով՝ ճգնեց հավասարակշռություն ստանալ չօրորվելու համար։ Հետո կուրծքը ցցեց, գլխարկը պինդ կոխեց գլխին, դեմքը կնճռեց ու ասաց.
— Ո՞ւր ա Ջավադը… Հա՛, ըստե՞ղ ես… Լավ, ա՛յ ամի, խո տեսնո՞ւմ ես էդ շան որդի կաղին… խո տեսնո՞ւմ ես… Լավ նայիր․․ չե՞ս տեսնում, ի՞նչ ա, աչք չունե՞ս… թյո՜ւ ես դրա… էս ամենը դրա բանն ա… էս խեղճ աբեշչիկը սկի էլ չէր իմանում, որ ձեր Արամը փետ ա քերել, գեղն էր եկել, որ Բախշիենց Մուրադի գողացած փետերը բռնի։ Դե՛, Ջավադի բարեկամն ա ախր, խո գիտե՞ս… Հը՜մ, ինչ ա, որ նրանը մոռանա, սրան շուռ տվավ դե՜սը… Ամա, բայց որ…
— Հա՞…— միջահատեց նրան կատաղությամբ կույրը,- ո՞ւր ա էդ շան որդին, էդ, էդ…
Ու փայտը բարձրացրեց։
— Փիե՜, փիե՜…— կանչեց հեռվից Ջավադը վախեցած,— տո, էդպես շա՞ռ կլինի… չե՞ս ամաչում, վա՛րժապետ…
Հետո մեկեն, վախը փոխելով հանդգնության, կամ ավելի ճիշտն ասած, վախն ավելի սաստկանալուց, մի քայլ առաջ նետվեց ու ահավոր ճիչով կանչեց.
— Տեսնո՞ւմ եք էս շան ցեղը… էս շան… այ ես ձեր… այ ես ձեր…
Ու միմյանց հետևից, կարճ փայտը ցցած, կաղ ոտքի վրա լարված, կոկորդը պատռելու չափ ճչալով՝ սկսեց նա այնպիսի հայհոյանքներ, այնպիսի լկտի բառեր, որ լսողները խառնվեցին իրար, վարժապետը երկու ձեռքերով ականջները փակեց, անտառապահը ապշած՝ ետ քաշվեց, իսկ ընկերս բերանբաց մնաց։
- ↑ Գյուղատնտեսական նշանը, շղթան։