Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/365

Այս էջը հաստատված է

- թո՛ղ, թո՛ղ, ամի՛.— խմեց ՛վարժապետը տխուր, խիստ տխուր դեմքով,— խմե՛նք, խմենք, որ մոռանանք, թե չէ՝ մարդու պես չի՞ ապրվում, չէ…


ՔՅՈԽՎԱ

1

Սարսափելի էր տեսնել տանուտեր Թորոսի բարկությունն այդ երեկո։

Չուխի ծայրերը գոտկի մեջ, կարտուզը պինդ կոխած գլխին, աչքերն արյունով լի, ձեռքին մի խոշոր մտրակ շառաչեցնելով, գզիրին էլ՝ այն խեղճ ու կրակ Սահակին, ետևը ձգած, հայհոյելով ու գոռգոռալով էր, որ հայտնվեց գյուղի հրապարակի վրա։

Եվ ձա՜յնը, ձա՜յնը… Նման պատռած մեծ թմբուկի ձայնի, խռպոտ, խմած օղիից դեմքն էլ կապտած, քունքերն ուռած գոռում էր, կանչում. իսկ բառերը միմյանց գլխի վրայից, իրար կոխոտելով ու անկապ՝ դուրս էին նետվում բերնից։

Օ՜հ, ինչպիսի՜ բառեր… Գյուղում պիտի լինել կիրակի օրերը այն էլ այդ լեռնային գյուղերում, լսելու համար, թե որպիսի՜ հայհոյանքներ ու լպիրշ բառեր կարող են գոյություն ունենալ հայերեն լեզվի մեջ։

Հայր, մայր, գերեզման, պապեր, հավատք… ոչի՜նչ, ոչինչ չէ խնայվում։ Ու բանաստեղծական պատկերացումնե՜ր, ինքնատիպ կազմությամբ հայհոյանքնե՜ր, որ մարդ ապշած է մնում գյուղական մտքի այդքա՜ն բեղուն ստեղծագործության, այնքա՜ն հնարագե՜տ, աղտեղի նրբասացության առաջ։

Անշուշտ, Թորոսը հարբած էր և լա՞վ հարբած։ Հերթը իրենն էր երևի այդ օրը և ո՞վ գիտե, ո՞րտեղ էր «լակել»։ Սակայն իզուր խո չէր, որ կատաղել էր, մտրակն էր շառաչեցնում և կամ պատռած ձայնով գյուղը ոտքի հանում, այն թշվառ գզիրին էլ ետևիցը քարշ էր տալիս-բերում։

Հրապարակի վրա էին գյուղացիները, եթե ո՞չ բոլորը, գրեթե մեծ մասը։ Երեկոյան ժամերգությունից հետո կիրակի էր և անելու ոչինչ չկար, հավաքվել էին խոսելու, զվարճանալու, է՛հ, եթե հասարակության գործ էլ պատահեր՝ գոռգոռալու, վիճելու։