Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/368

Այս էջը հաստատված է

քաղաքին սովոր, սիրուն «մաթուշկաների» հետ նստած–կանգնած, ճաշակը «զարգացրած» մարդը…

Սուքիասենց հարսն էլ, մեղա՜ աստծու, մի քանի անգամ արտը գնալիս մպտել էր Ջավադին, խոսքերին պատասխանել, մինչև իսկ, ղոչա՛ղ Ջավադ, աչքով անելուն ժպիտովը քաջալերել։

Սակայն այդ օր բանը թարսվել էր։ «Շան տղերքը» առանց իրեն՝ քեֆը չաղացրել էին հենց ճի՛շտ սիրուն Մարանի տան պարտեզի տակր, և Ջավադի փոխարեն Արամն էր ձենը գլուխը քցել։

Սատանեն ասում էր մեկ վե՛ր կաց, գնա նրանց մոտ, բոլորին դենը տուր, զուռնեն քոքիր, ձենդ զլիր ու ողջ գյուղի հարսներին էլ տներից դուրս թափիր…

Հենց ա՛յդ մտածության մեջ՝ դողն ընկել էր ջանը. մի րոպե ևս և գուցե ոտքի ելներ, որ հանկարծ եղբայրը՝ տանուտերի օգնական Թորոսը, կատաղած ու գոռգոռալով հրապարակ էր նետվել գզիրի հետ։ Արդյոք ի՞նչ էր եղել, ի՞նչ կար։ Հարբելո՞ւց էր, թե՞ մեկը քյոխվի քեֆին կպել էր։

Ամենքը թողին իրենց զբաղմունքը։ Խմբակները լուծվեցին, Խոլերան ուղղվեց և ոտքի ելավ, Գալոն առաջ գնաց, հրեան այլանդակ ակնոցների վերևովը դարձավ նայեց, վարժապետը, կարմիր քարերը բռան մեջ՝ առաջ քայլեց, իսկ Ջավադը երկու ոստյունով դեպի եղբայրը վա– զեց։

— Էդ ի՞նչ ա ըլել, քյոխվա,— ճչաց Գալոն,— ի՞նչ ես գազազել։

— Տո ե՛ս նրանց հոր… տո ե՞ս նրանց պապերի օխտը ջինսը… բա ըտենց բա՞ն եք տեսել, խալխը…

— Ի՞նչ կա,— մոտեցավ Գալոն չարամիտ ժպիտով,— ո՞վ ա նեղացրել քյոխվին, ա Սահակ…

Հետզհետե շրջապատեցին քյոխվին, որ քայլեց դեպի Գալոյի պատշգամբը և այնտեղ նստեց նստարանի վրա։

— Աղա՛ բաս…— շարունակեց նա մտրակը գետնին խփելով,– բաս ես քյոխվա չե՞մ… տո բաս դո՞ւք չեք ընտրել ինձ, բաս քյոխվության ցեպը (շղթան) հրես ջբո՞ւմս չի… Ա՛յ ես նրանց.․․

— Հլա մեկ ասա՛, Թորո՛ս,— հորդորեց Գալոն,– ըտենց ինչի՛ էս բարկացել… ի՞նչ ա ըլել… Տո ջհա՛ննամը, թե մի բան էլ պակասության ես տեսել, ի՞նչ ես իզուր քեզ կտրատում…

Գյուղացիք խմբվեցին խանութի առաջ, և շրջանը սեղմվեց։ Ջավադը դարձյալ ճարպիկ գտնվելով, հաջողվեց նստարանի ծայրը բռնել՝ թողնելով ոտքի վրա թե՛ Խոլերային և թե՛ մյուս ծերունիներին, իսկ