Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/37

Այս էջը սրբագրված է

միմյանց բախում, իրար հրմշտկում և ճեղքված անցքից դուրս էին թռչում։

Այիշան սառեց։ Հզոր տեսարանը քարացրեց նրան։ Իսկ ջրերը մռնչում էին, վիժում ու վիժում, դաշտն էլ նրանց ծծում–անհետացնում էր, թշվառ ավազանը կաթ–կաթ դատարկվում։

Մի քանի րոպե– էլ ոչինչ չմնաց, եթե ոչ մի սառն ու տխուր, անգույն թացություն։

Այիշայի առջև կանգնած էր նրա հաճույքի զոհը, որի վերջին կաթիլներն էր քամում… միշտ ցատկրտող, միշտ էլ հուզված վճիտ կաթիլներ։

Ու փուլ եկան ավազանի պատերը. Թոքնաբադը ետ քաշվեց, վարդերը տխրագին կռացան և արտասվաթաթախ մեռան փլատակների վրա…

Այն օրից Շիրազը կորցրեց իր ջուրը, գետը չորացավ, հովիտը մերկացավ, սոխակները լռեցին, վարդերն էլ նրանց սեր չգրգռեցին։


* * *

Այս էր, որ պատմեց պարսիկ պատմիչը, երբ ես մոտեցած լսում էի նրան։

Եվ երբ վերջացրեց, խոնարհեց գլուխը։ Եվ խիստ տխուր էր նա, գունաթափ, նկուն…

Պատմիչ, թշվառ պատմիչ, դու չէի՞ր արդյոք հաճույքի այդ զոհը, քո սիրտը չէ՞ր արդյոք Շիրազի հովտի փլած ավազանը…


ԵՐԿՈՒ ԹՌՉՈՒՆ

Պատշգամբի վրա էր կախված նրանց վանդակը։ Երկու հատ էին. արու և էգ։ Երկուսին էլ բնից հանել, վանդակի մեջ էին մեծացրել։

Խնամում էին, շատ լավ կերակրում, ամեն օր տեղը մաքրում։ Իսկ վանդակը զարդարում էին կանաչ ծղոտներով, հացաբույսի փնջերով։

Երբ մեծացան, սկսեցին երգել։ Իհարկե՝ ո՛չ լավ, ո՛չ զվարթ, բայց երգում էին։ Եվ գիտակից չէին, որ իրենց երգը վշտալից շեշտերի մի մեղեդի էր, ստրկական կրծքերից բխող ողբի համերգ։

Եվ նրանց լսողները հուզվում էին, տխրությամբ համակվում ու ասում.

— Օ՜, խեղճ թռչուններ, սիրո՛ւն դեղձանիկներ…