Քարկողցի ծեծ ուտողին իսկույն շրջապատեցին և գրեթե զոռով, քաշեքաշ հանեցին հրապարակից, համոզելով լիներ կամ աղաչանքով՝ անցկացրին առվից և հասցրին ու ներս ձգեցին կույր Մարտիրոսի տունը։
Այնտեղ էր նա հյուր։ Սաստիկ զայրացած, չկարողանալով կատաղությունը թափել մեկի վրա, անզոր՝ իրեն համոզողների և դեմը փակողների հորդորներից, խռպոտության հասած ձայնով աղաղակում էր անընդհատ…
— Աստված սիրողը բաց թողնի ինձ… թողեք գնամ ես նրա ջանդակը փռեմ մեկ… ինձ ծեծե՞լ… տո թողե՛ք է, ես կտրաքեմ հիմի… բա դուք աստված չունե՞ք, բա ինձ սպանե՞լ եք ուզում… թողեք ասում եմ է՜է՜…
Ու ամեն ճիգ, ամեն ուժ գործ էր դնում իրեն բռնողներից ազատվելու և ետ դառնալու դեպի հրապարակը։ Կռանում, քար էր վերցնում, սպառնում էր շան պես սատկացնել քյոխվին, աղաչում էր բաց թողնել.. մինչև իսկ կատաղությունից արտասվել սկսեց… բայց նրան հորդորող գյուղացիք շա՜տ լավ զգալով, թե ինչ պիտի լիներ հետևանքը, եթե արգելք չլինեին, ավելի ուժով հրեցին, հրմշտկեցին նրան, ներս ձգեցին և դռները փակեցին։
Լուրը հասել էր գետեզրում եղած նրա ընկերներին, և այժմ թե՛ զուռնաչին և թե՛ քեֆ անողները հուզված ու զայրացած մի առ մի հասնում էին ու ներս լցվում։
-Սարգիս, քեզ մատաղ…— գրեթե գրկել` հանդարտեցնում էր երիտասարդին կույրի կինը.— ղա‘ղեդ առնեմ, հանդարտի՛ր, հլա մեկ նստի, թո՛ղ… փո՛րձանք կհանես…
- Տո թողեք է՜է՜…– կանչում էր անդադար Սարգիսը, ի՞նչի, նա ո՞ւմ շունն ա, որ ինձ խփի… թողեք գնամ փորը թափեմ, րա ես քարկողցի ըլեմ, Շուշան ենք Կարապետի տղան ու գամ Դոլզան ծե՞ծ ուտեմ Սաքոյենց շան ձեռքիցը…
-Սարգի՛ս, ա‘ Սարգիս…– կանչեց իր թախտի վրայից կույր Մարտիրոսը, որին շտապել էին պատմել եղածը,– հլա մեկ դե‘սն արի… աղա, մեկ ձեններդ կտրեք տենամ է՜է՜… մեկ դեսը բերեք դրան… ա՛յ տղա, դու չէ՞ որ խելոք տղա էիր, ես ի՞նչ ա ըլել քեզ… հլա մեկ ըստեղ արի՝ կողքիս նստի…
Բայց ո՞վ էր լսողը։ Սարգիսը քանի գնում կատաղում էր. անձնասիրությունը խորապես վիրավորված էր, ոչի‘նչ չէր լռեցնում նրան, պոռալուց ձայնը կտրվում էր, իրեն բռնողների ձեռքից ազատվելու ջանքը