վարժապետ, թե հենց հիմի չգնամ պրիստավի մոտ ու ղազախ, յասավուլ չղրկեմ հետևիցդ…
Ասաց, բազմությանը ճղեց ու երբ մի քանի քայլ գնացել էր, դարձավ ու շարունակեց.
- Ըսենց բա՞ն եք տեսել… Ասում ա՝ քյոխվա չես, ինձ «ախմախ» ա ասում… վկա՞ ըլեք, ա՛ խալխը… ի՞նչ ա, ինձ ուտե՞լ եք ուզում սաղ ջնսով, բա ըստեղ իշխանո՞ւթյուն չկա… Ձիս բե՜ր. Ջավա՜ղ, Սահա՛կ, շա՜ն տղերք…
- Քյոխվա՛, քյոխվա՛…– հորդորում էին մի քանի գյուղացիք,– հերիք ա՛…
- Չէ՛, է՛ս սհաթիս գնում եմ… Ես դրանց ցույց կտամ քյոխվին անպատվելը, քյոխվի կարգադրությունների մեջ խառնվելը…
Ու մեծ քայլերով, սպառնալից, գնաց դեպի վեր։ Վարժապետը թողեց նրան գոռգոռալու, իսկ ինքը դարձավ գյուղացոց։ Սկսվեց ժխորային աղմուկ, վեճ։ Հարց ծագեց, թե որքա՞ն իրավունք ուներ տանուտերի օգնականը հրապարակորեն մտրակելու անմեղներին։ Ուսուցիչը պնդում էր, որ նա շատ էր երես առել, որ նրան հարկավոր էր պաշտոնից դուրս ձգել, հաշիվները պահանջել, և որ այդ հաշվիները, ինքը ստույգ տեղից գիտեր, մաքուր չէին։ Նրա ցեղակիցները՝ Կիրակոսենք միացան նրան, Սարոյենց կողմի մարդիկ հակառակության ելան…
Սուր կերպարանք ստացած վիճաբանությունը, որ տարվում էր ժխորային աղաղակներով, մեծացավ, գրավեց ամենքին, սակայն վերջիվերջո կազմվեց մեծամասնություն և վճռվեց, որ հարկավոր է իսկական տանուտերին խնդրել պաշտոնը ստանձնելու և Թորոսին «ռադ անելու»։
Եվ երբ մթնել էր, խանութները սկսում էին կողպել, վարժապետին հաջողվել էր շատ կուսակիցներ շահել, որոնք որոշեցին մյուս օրն ևեթ Կարապետին ստիպել կամ հանձն առնելու քյոխվությունը, և կամ գնալ նոր քյոխվի ընտրություն պահանջելու իշխանությունից։
Այս բոլորից հետո երիտասարդները վարժապետի հետ գնացին կույր Մարտիրոսի բակը, ուր դեռ զուռնան փչվում էր, և շրջապատը երկսեռ դարձած՝ մեծացել էր։
Մյուս օրը, հիրավի, մի եսաուլ մտավ գյուղը, հրաման բերավ պրիստավից գյուղաքաղաք ուղարկելու վարժապետին և կարմրամազ Սմբատին։ Պարզ էր. Թորոսն անշուշտ գիշերով գնացել էր վարժապետին իբր խռովարար, մինչև իսկ իբր ֆիդան[1] ամբաստանելու։
- ↑ Հեղափոխական, անձնազոհ: