Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/386

Այս էջը հաստատված է

ճռնչող սայլերը դաշտն էին ելնում. երևում էին ձիավորներ… Սագերի երամներն էլ, օրորուն, վզերնին ցցած` շարժվում էին դեպի գետափը:

- Բարի լույս, բարի լո՛ւյս,-կանչեց զվարթությամբ տանտերս,- ա՜յ լավ արև… հիմիկանց դենը էլ դրախտը կլինի ըստեղ…

- Այ՛ո։

- Ըսե՛նց ա մեր տեղը, անիծվի՛ նա… դժոխք ա անձրև օրերին, դրախտ՝ երբ արև ա անում… Դու էլ չե՞ս գնա սար, մերոնք կերթան։

- Ո՛չ, պետք է փեթակները նայել, մաքրել…

-Հա՛, թացությունը հալա չթողեց… կըլի որ կաթած էլ ունենա…

Մտա պարտեզ։ Որքան շուտ ցեխ էր կտրում հողը, այնքան էլ արագ ցամաքում էր։ Ծաոայիս հետ երկար զբաղվեցինք փեթակներով, հետո, կեսօրվա մոտ, մտածեցի հանգչել քիչ ճոճի (գամակ) մեջ, որ կապված էր երկու ծառերի ստվերի տակ։

Երկար, սակայն, մենակ չմնացի։ Նախ, աջ կողմիս դրացու կինը, որ իրենց պարտեզի մեջ ինչ-որ բանով էր զբաղված, դիմեց ինձ «աղա ախպեր» տիտղոսով և ամանը պարզած պատի վրայով, ջուր խնդրեց կողքիս գտնվող աղբյուրից։ Հետո երկու մեծ թռչուններ գլխիս վրայի ծառի ճյուղերի մեջ մի լավ գզգզեցին իրար և տերևների անձրև հոսեցրին. հուսկ ուրեմն, նկատեցի, թե ինչպես պարտեզի դռնից մի առ մի ներս մտան և դեպի իմ կողմը դիմեցին մի խումբ գյուղացիներ։

Ամենից առաջ քայլողը նիհար ու երկարահասակ անձ էր։ «Չերքեզկա», երկար կոշիկ, կլոր-կարճլիկ փափախ, ձեռքին էլ մտրակ։ Չմոռանամ սուրն ու արծաթապատ գոտին։

Ցավագար աչքերը ճպճպուն, շուրթերը պրկած, քիթը ցցած՝ զննում էր նա պարտեզը և մեկ-մեկ էլ, ճիշտ պարսիկ մեծավորի նման, առանց դառնալու, երևի իր նկատողություններն էր, որ հաջորդում էր հետևողներին։

Այդ մարդու հետ թեև դեռ գործ չէի ունեցել, բայց ծանոթ էի։ Շրջանական 5—6 գյուղերի շահապն էր։ «Ստարշինա», «գոլովա». այդպես էին տիտղոսում նրան գյուղացիք։

Անմիջապես ետևից քայլողը՝ գրագիրն էր։ Ագռավ էր հիշեցնում այդ երկար ու կոր, գլուխը միշտ կախ, գունդ քիթը կապույտ ու ստրկական շարժումներով երիտասարդը։ Մի քանի անգամ հանդիպել էի նրան, հազիվ մի քանի բառ էի լսել բերնից, սակայն միշտ օղու հոտը զգացել։

Ինչպես ամե՛ն «ուշիմ» գրագիր, ճարտար քերթող էր Սրապիոնը։ Ձեռքն ընկնողը էժան չէր պրծնի։ Պրատակոլներ (արձանագրություն) կազմողն էր։ Նայեյով թև ո՞վ և ի՞նչքան կկոխեր ձեռքը, նրա համեմատ