հողը ճահիճ է շինել… Ստիպված պիտի լինեմ բոլորովին քանդել, առվակ գոյացնել, եթե գյուղացիք չշինեն։
— Հա՛, իհարկե, հողը խարաբ ա անում… Դե շինել տուր էլի՛, գեղացիք էլ շնորհակալ կըլեն։
— Գյուղացիք պիտի շինեն և ո՛չ թե ես։
Գյուղացիներից ոչ մեկը դեռ չէր խոսում։ Ուստա Համոն քյոխվի հետ մոտեցել աղբյուրին՝ կկզել էին ու զննում։
— Ասենք, դու մի քիչ դրուստ ես, գեղացիք էլ պիտի շինեն. ամոթ չէ՞ որ սա քե՞զ էլ վնաս ա տալիս…
— Համ էլ,— մեջ մտավ Խոլերան,— թե մենակ գեղացիք շինեն, էն ա էլ քեզ ջուր չեն տալ ըստիանց։
— Որ կռանտը (ծորակ) ըստեղից փակվի,— ձայներ ուստան աղբյուրի մոտից,— ցածի աղբյուրին կերթա էս ջուրը:
— Սխալվում ես, ո՜ւստա,— մոտ գնացի ես,– Փորձիր փակիր և կտեսնես, որ չի գնա. ա՜յ, նայի՜ր, ավազանի տակից է ջուր դուրս գնում և ծծվում հողի մեջ։
— Հա՜,— արեց քյոխվեն,— ըտենց կըլի… Պիտի հովուզը[1] շինվի… էլի մեկ 50—60 մանեթ ծախս ունի։
— Բա՜ս,— գոչեց ուստան, — ծախս կուզի․ ցեմե՛նտ, ուստի հախ, քյարփիչ… կուղեք, ինչի՞ չէ, շինեմ…
Ասաց, ավազանը ծածկող քարը դեն շպրտեց, և բոլորը կռացան նայելու, բացի ստարշինայից և գրագրից։
Առհասարակ Սրապիոնը լուռ, բավական հեռու կանգած, ձեռքին էր սեղմել աղտոտ թղթի մի կտոր և անընդհատ մատիտի ծայրն էր թքոտում։
Սակայն, երբ ամենքը կռացել էին աղբյուրի վրա, իսկ ստարշինան քիթը ցցած՝ ծառերի բարձունքներին էր նայում, գրագիրը մի քայլ ետ գնաց ու մատովն ինձ նշան արավ իրեն մոտենալու։
Զարմացա՝ նկատելով նրա հանդուգն ժպիտը և այդ ձևով ինձ կանչելը։ Զզվանքս էր շարժում առհասարակ այդ ագռավը․ բայց, մի րոպե զայրանալուց հետո, հետաքրքրությունս հաղթեց, ելա ու մոտ գնացի։
Տեսնենք ի՞նչ ուներ ասելու այդպես խորհրդավոր կերպով։
Ջանաց սիրալի ժպիտ ստանալ, ոտք վերցրեց դեպի փեթակների կողմն ու ասաց կիսաձայն.
— Հլա մեկ խնդրեմ գնանք էն կողմը… ձեզ ասելիք ունեմ… փեթակներն էլ մեկ ցույց տվեք ինձ։
- ↑ Ավազանը