Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/390

Այս էջը հաստատված է

Մի վայրկյան ապշեցի այդքան հանդգնորեն արված կաշառքի աոաջարկի վրա։ Հետո զզվանոք նայեցի ագռավին, մեջքս դարձրի և լուռ գնացի դեպի նախկին տեղս, առանց իսկ ետ նայելու նորից։

Անշուշտ, գրագիրը սառած–մնացած պիտի լիներ և կամ ուսերը թոթված ու մի լավ հայհոյանք արձակած իմ հասցեին։

Համենայն դեպս ուղի՛ղ դեպի ստարշինան գնացի և անվրդով, նստեցի ճոճի մեջ։

Ստարշինան նայեց ինձ, աչքերը կկոցեց, ապա դարձավ եկող գրագրին և կանչեց.

-Հը՞, Սրապիո՛ն, պարոնի ծառերը տեսա՞ր, շա՞տ են…

-Չէ, ստարշինա՜, պարոնը սկի չուզաց էլ ծառերը ցույց տալ… վախենում ա, որ աչք դիպչի…

Ստարշինան դարձյալ նայեց ինձ։ ժպտում էի։ Կատարելապես ըմբռնել էի թե նրա տված հարցի և թե՛ գրագրի պատասխանի իմաստը:

-Շատ խոստացա՞վ,– ուզում էր հարցրած լինել պաշտոնյան։

-Չուզեց ոչինչ տալ, մերժեց,— հասկացրել էր գրագիրը։

2

Եվ այնուհետև որոշված էր ստարշինայի բռնելիք գիրքն ու վերաբերմունքը։

Անմիջապես առաջ նա դեմքը կնճռեց, արագ շարժումով գլխի փոփուխը հետևից զարնելով՝ իջեցրեց դեպի ճակատը, ապա կուրծքը ցցեց և երրորդ շարժումով նստեց նստարանի վրա ու ոտները պարզեց դեպի ինձ:

Մտնում էր ստարշինական դերի մեջ։ Սկսվում էր կոմեդիան։ Հազիվ ծիծաղս զսպած՝ սպասում էի եղածին:

Երբ այդ բոլորն արել էր Գիգոլը, մտրակի կոթը ուսագլխից ևս պարզելով՝ կանչեց մոտ գրագրին, հազաց և խիստ ձայնով ասաց.

-Դե հիմի գրի՛ , պի՛սեր…[1] Չեր հրամանոց անունը, պարոն Երվանդ:

— Սմբատ,– ասացի ծաղրելով:

-Ո՞նց Սմբատ, ձեր անունը խո Երվանդ ա…

— Բաս որ գիտեք, էլ ո՞ւր եք հարցնում։

— Հանաքները թողեք,– ասաց նա հոխորտաձայն,– ստի վոլսանոյ ստարշինան[2] ա խոսում:

  1. Գրագիր:
  2. Շրջանական տանուտեր, շահապ: