Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/393

Այս էջը հաստատված է

Գնացքը փակում էր գզիր Սահակը` իրենից կրկնակի մեծությամբ ցուպը միշտ ուսին դրած։

Երբ տուն էինք մտնում, տանտերս, որ լուսամատից նայում էր։ կանչեց.

- Բա՜հ-բա՜հ, էդ ի՞նչ խաբար ա. էդքան մարդիկը ո՞րդիանց որսացիր, պարոն Երվանդ… Սաղ ուեզդի մեծանոնքը թոփ ես արել-բերում:

- Եկել եմ պրատակոլ կազմելու։

- Դու քո աստվա՞ծը… ի՞նչի, տո՞, էն ո՞ր ջան որդին ա գանգատել քեզնից։

- Գյուղացիք։

— Ա՜յ կասես… Համա չրլի՞ էն անտեր աղբյուրի համար… Հլա կացեք գամ տեսնամ էդ ո՞նց բան ա…

— Համեցե՜ք,— հրավիրեցի ես,— համ էլ ասեք ձեր գինուցը մի երկու շիշ ուղարկեն մեզ։

— Երկո՞ւ,— ծիծաղեց ստարշինան,— ուղտերին ուզում ես գդալո՞վ ջրի:

- Տո ջաննե՜րդ սաղ ըլի…— կանչեց տանտերս մոտենալով մեզ,— հրեն կարասը ընդի՞ չի… պարոն Երվանդին վախեցնել չես կարա, ողջիդ էլ գինու մեջ կխեղդի։

— Տո, ուր ա բաս մեկ օր էլ մեզ չխեղդեց,— ասաց քյոխվեն ծիծաղելով։

— Դո՞ւ ինչացու ես, դո՛ւ,— ծաղրեց նրան տանտերս,– ընչի՞, մուֆթա գինի ա՞ գտել պարոնը… Դե՛հ, հլա մեկ համեցեք օթախը…

Ասաց և առանց սպասելու, որ ես կարգադրություն անեմ տանս մեջ, մտավ սրահս առաջ և հետո ինձ ներս թողեց։

Կանչեցի ծառային։ Սեղան դրին, բերին ինչ որ կար, և քիչ հետո բաժակները լցվեցին։

Ահա հենց ա՛յդ ժամանակ էր, որ մեկե՛ն աղբյուրը անցավ երկրորդ պլանի վրա, որովհետև մի նոր խնդիր եկավ զբաղեցնելու ստարշինային։

Մեզ ծառայում էր սեղանի վրա մեր Սիսակ անունով ծառան, որ միևնույն ժամանակ և վարպետ այգեգործ էր, ճարպիկ մշակող։

Մշտապես խռովկանի դեմքով այդ երիտասարդը շրթունքները կախ, հավիտենապես դժգոհի շարժվածքներով գնում–գալիս էր աոանց ուշադրություն գրավելու իր վրա:

Սակայն, երբ մի անգամ, երևի կամենալով իր խոնարհությունն