Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/395

Այս էջը հաստատված է

— Դուս մի՛ տալ, ա՛յ շաշ… — կանչեց նրա վրա պաշտոնյան,— ես, հլա դու մեկ մատ լակոտ էիր, որ գյուղումը ականջներդ քոքել եմ… Ամա հմի սլին–խրեն ա, ասացի, ու առանց պաշպորտի չի՛ ըլի…

— Յա՛… ո՞նց թե խրեն ա… բա ինձի՞ ինչ…— կանչեց վրդովված Սիսակը,— բա դու չե՞ս իմանում, որ ես պաշպորտ սկի չեմ էլ ունեցել։

— Էդ ա է՜ է՜… Դու հլա ըստեղի վրան գրված չես, բա ո՞ւր ես ըստեղ վեր ընկել առանց բիլեթի, հը՞… փալաս-մալասդ հավաքի դե, գնա յա բիլեթ հանի, յա թե չէ՝ է՛լ էս գեղի ղրաղովը անց չկենաս…

Սա մեր հրամա՛նն ա…

Հարկ համարեցի միջամտել։ Թշվառ Սիսակը երերուն՝ կարկամել էր ու քիչ էր մնում լաց լիներ զայրույթից։

— Լսեցե՛ք, պարո՛ն Գիգոլ,—ասացի,— էլի դուք տարօրինակ բաներ եք անում. այս մարդը վաղուց այստեղ է, հասարակության անդամ է, ինչո՞ւ եք վռնդել ուզում։

— Ըտե՛նց ա զակոնը,— ասաց գրագիրը,— առանց պաշպորտ չի կարելի. պաշպորտ չունի՝ թող գնա իր տեղիցը հանի:

— Համ էլ էդ սիլնի-խրեն ա, ի՜նչ զահրումար ա,— ավելացրեց ստարշինան,— փիս բան ա ըլել, որ մեջտեղ ընկավ. ասում են՝ առանց պաշպորտի մարդու բռնելն ու քշելը մեկ ա ըլում…

— Կա՛ց հլա, գոլովա՛,— խոսեց տանտերս,— չի՞ ըլի, որ մի կերպ անենք էս խեղճ տղի համար… մնա ըստեղ ու գիր գրի, որ ղրկեն։

— Չէ՛, չէ՛, ո՞նց կըլի… թող գնա գեղիցը. մեկ էլ տեսար պրիստավն իմացավ… Լսեցի՞ր, Սիսա՛կ, էգուցվանից էլ առանց բիլեթի ես գեղումը, իմ վոլոստումը սկի չերևաս, թե չէ էտապով քեզ քշել կտամ։

— Խմի՛ր, առ,— բաժակը նրան պարզեց տանտերը,— լա՛վ ա մի՛ բարկանալ, հասկացանք… Կերթա էլի՜, ի՞նչ կա. կերթա պաշպորտ կհանի ու էլի կգա… յանի դրանով խո Սիսակից չազատվեցի՞ն…

Ու աչքով արեց Սիսակին, որ սենյակից հեռանար։ Դեռ մութն էր ինձ համար, տանտիրոջս ակնարկություններից երևում էր, որ մի ինչ-որ ինտրիգ կա խնդրում…

— Իմ գործերը կմնան,— խոսեցի ես,— քյալամի բուկը տալու ժամանակն է… Եթե մի քանի օր ժամանակ տաք, ես ինքս կգրեմ և կաշխատեմ, որ անձնագիրը ուղարկեն։

— Չէ՜, ո՞նց կլինի… Հը՛, Սրապիոն, ըտենց չի՞, չի՛ ըլիլ… Էն զահրումար պրեդպիսանիան ո՞նց ա ասում, դո՛ւ ես կարդացել։