Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/396

Այս էջը հաստատված է

— Ասում ա,— խոսեց ծանրակշիռ՝ գրագիրը,— առանց պասպորտի չի՛ կարելի․ ո՛ր գեղումն էլ որ էլավ՝ քյոխվին պոդսուդ[1] կտան, կպատժեն…

— Փիե՛…— ոստնեց քյոխվեն,— թող գնա ռա՜դ ըլի գլխիցս է՜է՜, ինչի՞, ես գի՞ժ եմ, որ նրա պատիժը քաշեմ… Աղա՛, Սիսա՛կ,ոսկո՛րներդ խուրդ ու խաշ կանեմ, թե էդուց առավոտ քեզ ըստեղ տեսել եմ…

— Տո գնա՛ է, Սիսա՛կ… գնա՛, որդի, գործի՛դ գնա ու թող տեսնենք ընչի՞ են կատղել մեր մեծանոնքը… Գնա՛, որդի՛, մեր խանումին էլ ասա, թե իշխան ձկնիցը կա, մի քիչ մազացու ղրկի… էս գինիներն էլ պրծան։

Սիսակը լուռ՝ շշերը հավաքեց ու գլուխը երերցնելով դուրս գնաց։

Ոչ ոք չխոսեց մի րոպե։ Ստարշինան կռացել էր շաքարով շինած սալաթի վրա, մյուս գյուղացիները սենյակս էին զննամ, իսկ ուստա Համոն փառակազմ գրքերին պլշած իր կապույտ աչքերը, ակներև կերպով զարմանում էր, թե արդյո՞ք ես համբերություն էի ունեցել ծայրեծայր կարդալու այն հաստափոր հատորները։

— Հը՛մ…— արեց վերջապես ստարշինան,— էս սալաթը լա՛վ բան ա ըլել… Կասես սկի գինի խմած չլեմ… Թրի՛ պես կտրեց… — Յանի դու սրանք ողջ կարդացե՞լ ես…— չկարողացավ իրեն զսպել ուստա Համոն և դարձավ դեպի ինձ։

— Չէ հա՜…— արեց Խոլերան,— մարդ հարյուր տարի ապրի, էսքանը կարող չի կարդալ…

— Բալքի Աստվածաշունչնի են,— դիտեց երեցփոխը։

— Զակոնի գրքեր կըլեն,— պնդեց գրագիրը։

— Բառարաններ են,— ժպտացի ես,— ինչ խոսք ուզենամ՝ միշտ կգտնեմ… Ա՛յ, կուզե՞ք հենց գտնեմ էդ ուսիլեննայա—ախրանա բառը և ասեմ, թե ոնց են նրա օրենքները։

— Հլա՞… —գոչեց տանտերս,— դո՛ւ քո աստվածը, մեկ նայի տես թե ստարշինան իրավունք ունի՞ Սիսակին գեղիցը քշել։

— Տո ի՞նչ իրավունք,— ձայնեց ստարշինան,— իրա՞վունքը որն ա. զակոնն ըտենց ա՝ պրծավ գնաց. էլ ըստեղ իրավունքի բան չկա։

— Դե զակոնն էլ իրավունքն ա է՛լի,— ասաց երեցփոխը։

— Չէ հա՜…— ծիծաղեց քյոխվեն,— տո մարդ էլ իրավունքիցը կդողա՞ շան պես. ամա արի տես, որ զակոնի անունը չե՜ն տալիս, գողը ջանդ ա ընկնում, կասես խոլեր բռնած ըլի քեզ։

  1. դատի տակ