Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/40

Այս էջը սրբագրված է

թռիր դեպի վեր, և ամեն ինչ վերջացել է։ Գազանները դեպի վեր թռնել չգիտեն. նրանք միշտ գետնի վրա են սողում… մենք ի՞նչ գործ ունենք գետնի երեսին։

— Իրավ է,— ասաց տիկինը,— և ի՜նչ լավ էլ է այստեղ. ազա՜տ… որ կողմ ուզենաս կթռչես…Ե՛կ այստեղ, ընկեր, դո՛ւրս եկ մեզ մոտ։

— Աստված ո՛չ անի,— գոչեց արուն ներսից,— ասել են, որ կնոջ խելքն էլ ռամիկի խելքի պե՛ս կարճ կլինի —այժմ ճիշտ դուրս եկավ։ Պիտի տուժես հիմարությունդ, կի՛ն դու, բայց ուշ կլինի։

— Օ՜, ձերդ վախկոտություն,— քրքջաց ճնճղուկը,— մնացեք ուրեմն ձեր երկար խելքով՝ վանդակի մեջ, իսկ մենք մեր կարճ խելքով՝ կերթանք ազատ ապրելու… Այնպես չէ՞, տիկի՛ն, կգա՞ս։

— Գնա՛նք։

Ու թռան։

— Պիո՛ւ… պիո՛ւ,— կանչեց բարձրից ճնճղուկը,— ե՛կ, ե՛կ մեզ հետ…

Բայց արու դեղձանիկը վանդակի մեջ կծկված նայում էր դեպի վեր սլացողներին և սարսափից դողում։

Քիչ հետո մի վերջին «կի՛վի, կի՛վի» ևս լսվեց, և ապա երկու թռչուններն անհետացան երկնային կապտության խորքում։

Եվ մնաց արուն վանդակի անկյունում կծկված, աչքերն ազատ անհունության դարձրած, դեպի անծանոթ, աներկաթ և անվանդակ հայրենիքը։ Եվ այդպես անշարժ, կերակրի ու ջրի մոտ կուչ եկած՝ երազում էր, տրամաբանում… միմիայն երազում, տրամաբանում…

Երեկոյան դեմ տանտիկինը տեսավ բաց դռնակը, տեսավ, որ էգը խուսափել էր, ազատություն ստացել։

— Չար,— գոչեց նրա հասցեին։

Հետո զննեց փիլիսոփայաբանող, տրամաբանող ու հանգստություն սիրող արուին՝ կծկված վանդակի անկյունում։

— Տխմա՜ր…— ասաց արհամարհանքով և վանդակի դուռը փակեց։


* * *

Այս զրույցը մի տիկին պատմեց ինձ։

1896