Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/405

Այս էջը հաստատված է

Բայց, նախքան սկսելը, ծանրացավ մի ոտքի վրա, դեմքը դեպի արևելք դարձրեց, խաչակնքեց ու աղոթեց.

— Ո՛վ Մարիամ աստվածածին, դո՛ւ բարեխոս լինես Միածնիդ… մեկին հազար անես…

Ասաց, բուռը լիքը սերմ հանեց գոգնոցից ու շպրտեց դեպի հողը։

Մինչ այդ՝ եզներն էլ քայլեցին։ Արտի երկու ափերից գործիքների ծայրերը մղվեցին փուխր հողի մեջ։

— Հո', հո՛…

— Բո՛դոլ, Բո՛դոլ…

Եվ գորշ հողը պատռվելով՝ դիզվում էր ակոսների կողերին։

Նստել էի թմբաձև մի հողակույտի վրա ու նայում։

Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին։ Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով։ Առջևս՝ ցածում փռվոմ էր գյուղը՝ իր կարմիր-կղմինդրյա տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված. ապա, ավելի հեռուն` դաշտը, դեղին և սև քառակուսիներով ակոսված մինչև լեռների ծայրերը, երբեմն միայն բծավորվում էր կանաչ փոքրիկ տարածություններով։ Հորիզոնում, հնձված և նուրբ մշուշով խառն հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով…

Այնքա՛ն անոսր էր օդը, այնքա՛ն մաքուր, որ գյուղից պարզ հասնում էին մեզ սագերի, շների և մանուկների խառն ձայներ. աքաղաղն էլ իր ժանգոտ կանչովն էր պատռում օդը։

Կողքում, քիչ ցած, գետնախնձոր էին հանում։ Կին, մանուկ կռացած, փորում էին, կողքին փոքրիկ կրակ էին կազմել թարմ գետնախնձոր խորովելու, և ծուխը թանձրացել էր նրանց շուրջը։ Ավելի ցած՝ բլուրների վրա էլ վարում էին. այնտեղից լսվում էր «հորովելի» մելամաղձիկ ձայնը։

Եվ սերմնացանը կաղնիկաղ, պարբերաբար, բռով ցորեն էր սփռում արտի վրա. լսվում էր նրա ընկնելու ձայնը՝ անձրևի նման։

— Ծա՛նր, ծա՛նր քշի ջլիս…— կանչում էր չթվորներից մեկը։

— Հե՜յ ես քո տիրոջը…— նեղանում էր մյուսը եզների վրա։

2

Քայլում էր ու ցանում։ Բայց և խոսում էր նա։ Ինչ` մի քանի բառ, չթվորներին՝ նկատողություն... Այդ բոլորը նա անում էր առանց կանգ առնելու, միապաղաղ ձայնով։

— Ոտդ ո՞ւր ես հուպ տալիս։

— Գնում չեն…