Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/41

Այս էջը սրբագրված է
ԱՌՅՈՒԾԻ ՄԱՀԸ

Անապատի մեջ արշավող, անտառը թունդ հանող և ազատության մեջ մեծացած խրոխտ առյուծը թակարդի մեջ ընկավ։

Անտառից ելած՝ որս էր որոնում, շուրջն ահ սփռելուն համար մտովին հրճվում, երբ հանկարծ գլորվեց-ընկավ ու մի ցանցի մեջ իրեն բռնված գտավ։ Մի ցանց ահռելի, համրաբար շարժվող, կծկվող–գալարուն, որ մի րոպեի մեջ կաշկանդեց նրան, քաշեց, հավաքեց ու կծիկ դարձրեց։ Ոչ մի շարժում իսկ գործել չէր կարող. մի խումբ կոշտ կապեր, սարդի ճանկերով, պարզվեցին դեպ նա, և առյուծն ընկավ խճճված ու կապված…

Մռնչաց, կատաղեց, բուռն ճիգեր գործեց, ոստոստեց, կապերը կծոտեց, որչափ ուժ ուներ՝ գալարվեց, տանջվեց, բայց ո՛չ շղթան փշրեց, ո՛չ էլ ցանցը պատռեց…


* * *

Անտառի քաջը, կենդանիների արքան գերի էր այլևս։ Իր կյանքում երբեք կապեր չէր տեսել, արգելքի առաջ գլուխ չէր ծռել, կտրել էր նա դաշտ, ձոր, անապատ անհուն, անցել էր անտառ, գետեր սրընթաց, մագլցել լեռներ… աշխարհն ամբողջ ոտնատակ տվել, ազատ օդի մեջ ապրել անկաշկանդ, ազատ էր ծնվել, ազատ էր սնվել և ահա այժմ կծկած, գալարած, ցանցով խճճած, գետնին պինդ գամած, անհասկանալի կապերով սեղմված, չէ՛ր էլ ըմբռնում, թե ի՞նչ էր եղել, ինչո՚՞ւ բանտարկվել և կամ ո՛վ էր նրան այդպես խղճուկ, դառն դրության մեջ ձգել։

Մռնչաց, ոստնեց, ժամերով ճգնեց, ապա հուսահատ, աչքերը փակած, գլուխը կրծքին, բաշն իջեցրած՝ սկսեց խորհել։

Ի՞նչ էր այդ ուժը — իր ուժից շատ բարձր, այդքան խորամանկ և այդքա՜ն ճարպիկ. ո՞ւմն էր ահռելի այդ շանթող ձեռքը, որ աներևույթ՝ պարզված դեպի նա, անտառի հերոսից կծիկ էր շինել ու անշարժ, գերի՝ դաշտի մեջ գամել։

Եվ նա վեր նայեց։ Մի թեթև ու թույլ խշրտուք լսեց, ապա իր ցանցից մի քայլ հեռվում մի մարդ նշմարեց։ Մարդն էր այն. չնչին արարածը, որից տասնյակներ նա պատառոտել, բզկտել էր հաճախ և որն այժմ այնտեղ, ցանցի կապը ձեռքին, նայում էր խրոխտ որսին, նայում հրճվանքով, ծաղրում արքային, ծաղրում հսկային։

Ելավ, ուզեց ոստնել, հանդուգն ծաղրողին մի պատառ շինել, փշրել