Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/411

Այս էջը հաստատված է
ՀՈՂԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԸ
1

Անտառ մտնելուն պես երկինքը պարզվեց։

Ամպերը չցրվեցին, ոչ։ Կապարի նման ծանրությունը միայն փարատվեց բարձրում, փոթորիկ գուշակող մռայլ կերպարանքից ազատվեց երկնակամարը։ Գետից հետո, վայրի խնձորենիների, տանձենու և կաղնիների մի խառնուրդ՝ եզերում էր անտառի կուրծքը մխրճվող շավիղին:

Այնքա՜ն գրավիչ էր ցածում փռվող հեռանկարը, որ մի քանի րոպե կանգ առանք բարձրության վրա և զննելու մնացինք հորիզոնի կանաչ կապած դաշտը։

Մեզ հետ կային մի քանի գյուղացիներ։ Մելիքն էր՝ իր ճակատի տակի հայացքով և յափունջու մեջ պարուրված. հետո՝ մեր տանտիրոջ որդին՝ Գրիշոն, այլև այն երկարահասակ ու նիհար Թևոսը, որին գյուղում «ուզուն ախմախ» (երկարահասակ տխմար) էին կոչում։

Թևոսն այդ օրն իր ամբողջ եռանդն էր ցույց տալիս մեզ օգնելու և առաջնորդելու մեջ։ Հիմար ժպիտը դեմքին, ինքնակոչ կերպով առաջնորդության դերը ստանձնած՝ քայլում էր առջևից, գետի հունը ցույց տալիս, շալակեց ինձ ու ջրիցն անցկացրեց, երեխաներին ամբողջ ժամանակ գրկած տարավ, իսկ երբ գետն էինք անցնում, ավելի գործունյա՝ գոռում էր աջ ու ահյակ.

— Ադա՛, ո՞ւր ես կանգնել, քո՛ռ Գրիշո, չե՞ս կարում երեխաներին դեսը բերի… Կա՛ց, պ. Երվանդ, կոշիկդ մի՛ հանի… ա՛յ, արի մեջքիս վրա րնկի՝ տանեմ քեզ… Կացե՛ք, կացե՛ք, խանումներ, հրեն գոմշի սել ա գալիս. վրեն կնստացնեմ ու ջուրը անց կկենաք…

Ու երբ անտառն էինք մտնում այդ բոլորից հետո, կանգ առավ մի խնձորի ծառի տակ, ձեռքը տարածելով մեծ շրջան գծեց օդում ու ասաց ինձ.

— Հրես այ, սա ա Մելիքի զավթած հողը…

— Ադա, ո՜ւզուն ախմախ,— կանչեց նրա վրա Մելիքը բարկացած,— զա՛վթածս որն ա… էն ա իմ հողն ա, էլի՜. իրեք տարի ա, համ չութով վարում եմ, ակոսները քցում մեջը, հողը շուռ տալիս, համ դիփ էդ վերի (վայրի) խնձորտեքանց վրեն պատրուսնի եմ արել, համ էլ ա՜յ, էն ձորումն ընենց կաղնքի եմ կտրտել—ցած քցել, որ ամեն մեկը 10—15 մանեթի տախտակ կհանի… Հողն իմն ա, որ կա. հասկանո՞ւմ եք…