Ինչուք հմի, էն ա շտրափ ա (տուգանք) որ տալիս եմ. Հրես մի քանի օրից հետո էլ կհաստատվի ինձ վրա կպրծնի…
Այդ բոլորն ասաց Մելիքը ձեռքի լայն շարժումներով, յափունջին ետ քաշած ու իր հողի մեջտեղը կանգ առած։
Ապա, երբ պրծել էր, մոտ եկավ ինձ, յափունջին հանեց, ծալեց, ուսի վրա նետեց ու ավելացրեց.
— Գնանք, պ. Երվանդ, տես թե ո՞նց հող ա… քեֆդ կգա… Կուզես տամ քեզ, մեջը ծառ քցի, վարի, ցանի… Մենակ 290 հատ խնձորի կա մեջը, ընե՞նց կաղնքի ցույց տամ, որ բերանդ բաց մնա… Դիփ կտրատելու եմ, որ ջառմաները տամ… Բա ո՞նց, ինձ շառմայով կվախացնե՞ն… ընչի պտի ջրիցս տամ. էն ա, կտամ մի երկու կաղնքի վեր կքցեմ, կքշտեմ, կծախեմ ու շառման էլ կհանեմ, մեկ բան էլ ավել…
— Իսկ եթե վրա հասնեն ու կտրատած ծառերը տեսնե՞ն…
— Ո՞վ, աբեշչիկը[1]… Տո հրեն է՜. մեկել օրն ըստեղ մենք խորոված էինք ուտում ու գինի խմում, կողքներիս էլ մեկ կաղնի ծառ խփում էին ցած քցում… յանի աբեշչիկը որ կա, իմ նոքյա՞րը չի, քի՞չ ա ինձանից խեր տեսնում… հա՛մ կաշառք, հա՛մ քեֆ…
— Բայց եթե ինքը՝ անտառապա՞հը տեսնի։
— Լեսնիշին…[2] նա սկի գալի՞ս ա որ էս կողմը… Տեսնա էլ, ի՞նչ կանի… ես ի՞նչ գիտեմ ով ա կտրել, աբեշչիկը չի տեհել, չի իմանում… գողացել են…
Պարզ էր այժմ։ Մելիքը կատարելապես իր կողմն էր քաշել անտառի պահապանին և այս ու այն ձևով՝ հաջողվել էր պետական անտառի եզերող հողերից մոտ 4 դեսյատին գրավել։ Նախ, չութով ակոս էր գծել նրա շուրջը, հետո` ցախով կարճ շրջափակ դրել, հետզհետե, հեռավոր, խուլ կողմերից սկսած՝ ծառերն էր կտրտել, խնձորենիները պատվաստել… Մի խոսքով՝ հողին տիրացել էր ու դատաստանական վճիռներից խուսափել էր տուգանքներով, ավելի շատ՝ կաշառքներով…
Մնում էր մի բան։ Դատի պիտի կանչեին, քննության բանային: Եվ ի՞նչ պիտի երևան գար։ Որ Մելիքը 3 տարի ամբողջ այդ հողը մշակել էր, ծառերը կտրտել, նոր ծառեր տնկել, հողին գործնականապես տիրացել։ Մի լավ տուգանք — և հողը պիտի մնար Մելիքին… անշո՜ւշտ, կաշառքների ուժով։
Մենակ խո Մելիքը չէ՞ր։ Ամբողջ Դուզանը այդպես էր ընդարձակում իր հողերը։ Ճար չկար։ Գյուղը մեծանում էր, բազմամարդ դառնում