Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/42

Այս էջը սրբագրված է

տրորել… բայց մարդը կապը ձգեց, և ցանցը կուչ եկավ, ավելի սեղմվեց ու առյուծի ջանքերն ի դերև հանեց։

Օհ, ի՜նչ անկում, ինչպիսի՜ վիճակ։ Խաղալի՜ք լինել մարդու ձեռքի մեջ, ենթարկվել ծաղրի, հեռու անտառից, խլված անապատից, ազատ վայրերից, ստորացուցիչ կապերի մատնված, անհո՜ւյս ու գերի՜…

Եվ առյուծը դառնացած լացավ աղիողորմ։ Ու նրա լացից անտառը դողաց, ժայռերը հնչեցին, դաշտը թունդ ելավ…


* * *

Օրերո՛վ մնաց առյուծը ցանցի մեջ. նրան կեր տվին, բայց ոչինչ բերանը չառավ. նրան շրջապատեցին, բայց նա լուռ մնաց. լուռ, հուսահատ և մահվան ցանկացող…

Մի օր էլ մի մեծ վանդակ բերին դավաճան ցանցի կողքին, առյուծին ստիպեցին ելնել, շիկացած երկաթներով առաջ մղեցին և նկուն դարձրած՝ վանդակի մեջ առին։

Այժմ կապ չկար, բայց երկաթե ամուր ձողերով կազմած չորս բարձր պատեր կային։

Առյուծը փորձեց բացվածքների միջով նեղնալ՝ դուրս սահել. գլուխը դեմ տվավ, հսկա ոստյուններով ձողն ի վեր թռավ, կատաղի քայլերով վանդակի մեջ վազվզեց, հնարք որոնեց, դրսում երևացող ազատ երկնքին կանչեց, ազատ տարածությունը տենչաց, ապա ամբողջ վանդակը ցնցեց, դղրդացրեց… բայց տեսավ, որ զուր էր, ամեն ջանք ունայն, և որ գերի էր, բռնված, կաշկանդված…

Տխուր ու տրտում՝ նստեց վանդակի ձողերի առաջ, ոտները ծալեց, պոչը հավաքեց, գլուխը թաթերի վրա առավ և աչքերն անհագ տենչանքով լիքը, սևեռեց հեռու՝ իր անապատին, իր գոռ անտառին, ուր երեկ դեռևս հպարտ ու խրոխտ՝ անցնում էր ազատ, ուր երեկ դեռևս իր լայն թոքերով շնչում էր, փռնչում։

Ահա այն ժայռը, այն մեծ լերկ քարը, որի կատարին կանգնել էր ժամերով, արևի տակ հանգչել, հեռուները դիտել, իր սուր աչքերով որսեր որոնել և արհամարհոտ՝ ոտքերի մոտից սահող մողեսները զննել, զեռունների փոքրությունը ծաղրել…

Ա՛հ, որքա՜ն կուզենար այժմ այդ մողեսների պես փոքր լինել, սահել վանդակի ձողերի միջով, գնալ–ապրել միշտ խուլ խոռոչներում, ավազանների մեջ, չնչին բան դառնալ, առյուծ չլինել, միայն թե ազատ, ազա՛տ կապերից, վանդակից, բնության ծոցում ուզած տեղն ապրել, ուզած տեղը մեռնել…