— Ո՞նց,– ասաց նա և մաճը ձեռքիցը բաց թողեց, – յանի ինչի պիտի խլեն. պակա՜ս աշխատանք եմ դնում վրեն… չոլ էր, քարո՛տ, փշո՛տ, դեն գցած հող… քրտինքովս կակղացրել եմ, էս ձեոներովս քարերը մեկ-մեկ հավաքել, փշերը դուրս տվել… բա ընչի՞, մագամ թալա՞ն ա էս աշխարհքը, որ գան ու աշխատանքս խլեն ձեռքիցս…
— Տերության հող է, քեզ խո իրավունք չե՞ն տվել մշակելու, մեկ էլ տեսար եկան, վզակոթիդ խփեցին ու…
— Ո՞վ, աբեշչի՞կը…— կանչեց Թևոսը,— չի՜ կարալ… էդքան զակոնը գիտենք…
Ապա ժպտաց, սրբեց քրտինքն ու եկավ մոտս։ Նստել էի քարակույտերից մեկի վրա։
— Չի՛ կարալ,— ավելացրեց նա անվստահորեն,— շատ-շա՛տ՝ գանգատ կտա, պրատակոլ կշինի, կկանչեն՝ հրե՛ն այ, էն կեսը ցույց կտամ… իրա՛նք էլ կտենան, որ անպետք, դեն քցած հող էր, կծիծաղեն աբեշչիկի վրա ու… բան չեն ասի։
Գլուխս երերցրի։ Միամի՜տ Թևոս։ Ըստ երևույթին երբե՛ք գործ չէր ունեցել այն անհամար չինովնիկների հետ, որոնք ծիծաղել գիտեն միմիայն իրենց զոհերի ճիչերի վրա, որոնք ո՛չ մի աոիթ չեն փախցնում թևոսներին անգամ տանջելու, ճզմելու…
4
Ապահո՛վ էի, որ Թևոսի արածը գաղտնիք մնալ չէր կարող։ Անշուշտ, անտառի թե՛ պահապանը և թե օգնական հսկողները լսած պիտի լինեին։ Մի օր գյուղում, իմ ներկայությամբ իսկ, երբ Նիկոլը հարցրեց աբեշչիկին, թե գիտե՞ր նա արդյոք «ուզան–ախմախի» արածը — պահակը ժպտաց ու ասաց.— գի՛տեմ։ Թող ա՛նի, ի՞նչ կա։ Տերությունը ուրախ կըլի որ իրա հողերը ըտենց մաքրեն ու պետքական դարձնեն։
Գյուղացիք միմյանց նայեցին, հասկացան ու քրքջացին։
Բայց, երևի, այդքան էլ անխիղճ չէր աբեշչիկ օգնական Ավագը, որ մի օր հրացանն ուսին՝ տնկվեց հանկարծ Թևոսի առաջ ու գոչեց.
— Ադա, էդ ի՞նչ բանի ես, ա՛յ ուզուն-ախմախ։
Թևոսը մաճի վրա ընկած, գոմեշները քշողների «հորովելին» էր ձայնակցում։ Թեև տեսավ Ավագին, բայց չլսեց ասածը։
— Բո, քեզ հետ չե՞մ… էդ ինչ բանի ես է՜է՜…
— Հո՜, հո՜…— կանգնեցրեց գութանը Թևոսը և դարձավ դեպի ետ
— Ի՞նչ կա, Ավա՜գ, խե'ր ըլի։
— Ադա՜,— ձայներ օգնականը,— բա դու խո չե՜ս գժվել: Էդ ո՞ւր ես կազյոննի հողը վարում, կասես քոնը ըլի։