Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/424

Այս էջը հաստատված է

գլխիդ կտան ու էդ թափած քրտինքդ էլ վրա կերթա… Հրեն ա՛յ, աբեշչիկն ուզում ա էգուց պրատակոլ սարքի վրեդ…

Ասաց ու գլուխը երերցնելով գնաց։

Թևոսը ժպտաց։ Մելիքի վրա էլ տարենը մի քանի անգամ պրատակոլ էին սարքում, բայց ամեն անգամ այդ «թունդ» գրվածքները մնում էին առանց հետևանքի, և Մելիքը շարունակում էր ձեռքին պահել, ծառերն ուզածին չափ կտրտել։

«Պրատակոլ սարքելը», անշուշտ, աթեշչիկի, լեսնիչու պաշտոնն էր պիտի անեին։ Ո՞վ չի իմանում, թե քանի՜-քանի՜ դեզ թղթեր են գրվում ու դարսվում պաշտոնատներում։ Բայց ո՞վ է նրանց բանի տեղ դնողը։ Գրվեց ու պրծավ. շատ-շատ՝ մի քիչ տուգանք, մի երկու հայհոյանք, մի քանի մանեթ է՛լ կաշառք — և ամեն ինչ կանցներ։

Մյուս կողմից՝ չէ՞ որ նրան հաջողվել էր արդեն այնքան քրտինք, թափել հողի վրա, այնքան աշխատանք։ Ուրեմն բնական էլ էր, որ հողի տերն ինքն էր։ Ուրիշ ի՞նչ կերպ. չէ՞ որ հողը աշխատավորինն է և միմիայն աշխատավորինը։ Պապենական այդպես էր լսել, Մելիքն էլ հաստատեց այդ, ու ամեն գյուղացի էլ նույնը կպնդեր։

Ու երբ Ավագը գնաց, Թևոսը միայն մի քանի րոպե մնաց խոհուն աւ տխուր։ Հետո թոթվեց իրեն, մաճը ձեռքն առավ և վերսկսեց «հորովելը»…

Այնուհետև մի ամբողջ շաբաթ Թևոսն այլևս ոչ Ավագի երեսը տեսավ, ոչ էլ աբեշչիկի։ Ենթադրում էր, որ ազատվել էր։

— Վախա'ցրին,— մտածեց նա,— էնքան էլ խո քարասիրտ չեն. հալբաթ լեսնիչուն ասել են, եկել-տեհել, որ վարածս հողը անպետք, դեն քցած, վատ էր ու ասել են. «թ՛ող մնա Թևոսին, մեղք ա, օղլուշաղի տեր, հողը քիչ… Համ էլ մարդը գետի չափ, ախր, քրտինք ա թափել վքեն… թող վայելի, խէ՛ղճ ա»…

Եվ ձեռնարկել էր հողի մյուս մասն էլ մաքրելու, թեև արդեն ցուրտն սկսել էր, և ձմեռը վրա էր հասնում։ Մտածում էր գոնե փշերից ու տատասկներից աղատել հողը այդ տարի, իսկ գարնանը մի անգամ ևս շուռ կտար փխրացած հողը, գետնախնձոր կցաներ, ապա կաղբեր, էլի կվարեր… մի խոսքով, մի լավ արտ կշիներ։

Բավական օրեր անցան դրանից հետո։ Թևոսին այլևս չէի տեսնում։ Պատրաստվում էի գյուղից հեռանալ և մոռացել էի նրան։ Գնալուցս երկու օր առաջ, մի երեկո, երբ տուն էի մտնում, պատշգամբի մոտ կծկված տեսա մի փոքրիկ աղջիկ, որ երևի ներս էր մտնել ուզում, բայց չէր վստահանում։

- Ի՞նչ կա, ախչի,– հարցրի ես,— ո՞ւմն ես ուզում: