Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/426

Այս էջը հաստատված է

ՁՈՐԱԳԼԽԻՆ

1

Գյուղաքաղաքի մեջ խճուղին, ինչպես միշտ, այդ օր էլ քարուքանդ էր ու ցեխոտ։ Սակայն, երբ մտնում էր նա դաշտերի կուրծքը, որպես սպիտակ լայն ժապավեն, ձգվում էր մինչև հորիզոնը և այնտեղից ոլորապտույտ մագլցում՝ հասնելու համար լեռնաշղթայի ամենաբարձր գագաթին։

Խոխոջուն վտակի կողքին բանակած պահակագունդը երաժշաությամբ էր զբաղված. շեփորների անախորժ ու խառնիխուռն ձայնը՝ միացած սրնգի սուր ելևէջներին, ստիպեց մեզ արագացնելու սայլի գնացքը։ Իսկ երբ անցել էինք ավելի հեռու, Գևորգը կպավ սայլապանի թևին ու ասաց.

— Հանդա՛րատ քշիր…

Հրճվում էին հյուրերս մեր առջև պարզվող շքեղ տեսարանով։ Չէինք խոսում, այլ լի թոքերով շնչում էինք թարմ օդը և անհամար ծաղիկներից բուրմուքը։

Աջ կողմից արտերն իրենց ծայրերով հասնում էին մինչև լեռների ստորոտը, ձախ կողմից՝ գնում էին նրանք ոստնելու քարկողի անդընդախոր ձորի վրայով և գոգաձև շարունակում կանաչ սփռել մինչև հեռավոր լերկ ու ձյունագագաթ շղթաները։

Երփներանգ, անհամար ծաղիկներ բծավորում էին հարթավայրը. կապույտ զանգակիկների խոնարհած գլուխներ շերտեր էին գծում, մանր-դեղին փնջավոր ծաղիկներ խառնված մարգի կանաչին՝ կապույտ ստվեր տարածում, իսկ հեռուն՝ կարմրին էին տալիս խիտ պսակներով վիշապուկները, պսպղում արյան մեծ բծերի նման։

Դաշտն ամբողջ ծփում-օրորվում էր մեղմ քամու տակ՝ նազելի և գողտրիկ։ Կարծես կանաչ կոհակներ լինեին, որ պարբերաբար ելնում-իջնում էին՝ մե՛կ տերևների փայլուն, մե՛կ անփայլ երեսներն ի ցույց հանելով։

Անցնում էինք այդ բոլորի միջով. սայլապանը գլխարկը ծռել՝ երգ էր մռմռում քթի տակից։ Հակոբը շնչում էր, շառաչյունո՛վ շնչում, Գևորգը գլխարկը հանել՝ ժպտում էր բնությանը, ժպտում զեփյուռին…

Արև չկար. երեսն ամպերով ծածկված, ձյունոտ լեռներից սահող հեզիկ քամուն էր թողել լեռնադաշտը։ Արտերի դուրալի շշուկը, թռչունների հեռավոր ճռվողյունը, ջրերի մե՛կ-մե՛կ լսվող կարկաչը միմյանց ձայնառու, միմյանց լրացնելով՝ ներդաշնակվում էին այնքա՜ն հաճոյալից,