նկատեցի մի ինչ–որ սև երկար րան, որ անշարժ փռված էր այնտեղ. քիչ էր մնում գյուղացիք իրենց ոտները նրան կռթնեցնեին:
- Դա ինչ է,– հարց տվի և գլխով ակնարկեցի:
- Սո՛ւդիան ա, սուդիա՜ն…[1] -ոռնաց Խեչոն։
Կառքը շարժվել էր տեղից։
- Դա ինչ է եղել,— հաջողվեց ինձ հարցնել նշաններով, երբ սայլը դղրդլունով սլանում էր:
Այս անգամ Ջավադն էր, որ քրքիջը բերնին, իր զիլ ձայնով հասկացրեց ինձ.
- Հա՛րբած ա, հարբա՜ծ։
Ու անցան։ Գինու շոգիների ազդեցության տակ՝ Ջավադն ավելի կատաղորեն մտրակեց ձիերին. ահագին ցնցումներով և խճային շատրվանի մեջ՝ կառքը սլացավ առաջ։
Ստիպված էինք բավական հեռու բռնել մեզ այդ սանձարձակ արշավանքից։ Ետ մնացած՝ ամեն րոպե սպասում էինք, թե ահա սայլի միջից դուրս պիտի ոստնեին ջախջախվելու՝ վիզն ածիլած Խեչոն և կչկչան Նիկոլը, որոնք թե՛ միմյանց և թե՛ կողերին էին կառչել։
Բայց Ջավադը վարպետ քշող է. չնայելով իր իսկ ցնցումներին, սուր աղաղակներին, նրան հաջողվեց գնալ մինչև ձորաբերանը, ուր նա դուրս ելավ խճուղուց, կատարելապես մեջքի վրա պառկելու չափ ետ կռացած քաշեց սանձերը. ճչաց, կանչեց և, մի կիսաշրջան գործել տալուց հետո, ձիերին կանգնեցրեց ձորի ամենամոտ ափի կանաչ հարթության վրա:
Մինչև մեր հասնելը, բոլորը դուրս էին եկել սայլից, նստել նրա կողքին, գինու մի փոքրիկ տիկ, օղու մի մեծ շիշ դրել կողքերին, հացն ու պանիրը պարզել՝ սկսել էին քեֆը։
Սուդիային թողել էին սայլի մեջ՝ երեսի վրա փռված ու խոկալով:
Հրավիրեցին մեզ։ Հետաքրքիր էր իմանալ, թե ինչ անելու էին գնացել իրենց քյոխվայի, քեհյաների և սուդիայի հետ, թե ինչու այդքան լավ տրամադրված՝ այդտեղ էլ նստում էին քեֆը շարունակելու:
2
Ասենք, ձորաբերանի այդ հարթության վրա անհնար էր չնստել, նո՛ւյնիսկ եթե խմելու և քեֆի համար չլիներ:
Լեռնադաշտի ամենասքանչելի մի անկյունում էր՝ իր վայրենի տեսարանների հեռանկարով։
- ↑ գյուղական դատավոր, որ լինում է ընտրությամբ: