Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/431

Այս էջը հաստատված է

— Գինի լցրեք տո՜— ձայնեց նա՝ երբ վերջացրել էր և կարմրած՝ մեր կողմը դարձել,— ղոնաղների համար գի՛նի լցրեք…

— Ա՛յ ձայնդ անսպառ, ա՛յ դու շատ ապրես, շա՛ն տղա,— գովեց նրան Խոլերան,– լավ ձեն ունես, ես ու իմ աստվածը, ամա փո՛ւչ տղա ես, փո՜ւչ…

— Լա՛վ, ամի՛, ձենդ կտրի, թե աստվածդ կսիրես, ի՞նչ վախտն ա Ջավադին գովալը…

— Սուդիային ինչո՞ւ այնտեղ թողիք,— հարցրեց Գևորգը։

— Բա ինչ անեինք,– ծիծաղեց երեցփոխը,— տնաշեն էնքան կոնծել ա, որ թոփ էլ տրաքացնես ականջի մոտը՝ չի զարթնի…

—Թոփից չի՛ զարթնի,— սրախոսեց Խեչոն,— ամա, որ մեկ րյումկա արաղ մոտեցնես քթին՝ վեր կթռնի…

—Ղորթ, տո՛ տղե՛րք,— մեջ մտավ քյոխվեն,— սա սկի լավ բան չի, որ անում ենք մենք։ Եկեք սուդյին հանենք սելիցը, գլուխը մեկ ցավի սառը ջրով լվանք… թե չէ՝ ախր էս հալովը մենք ո՞նց գեղը տանենք նրան, բա ամո՞թ չի, հը՞…

— Տո ընչիս ամոթն ա,— քրքջաց կարմրամազ Սմբատը,— յանի աոաջին անգա՞մն ա…

— Չէ՛, քյոխվեն դրո՛ւստ ա ասում, տղե՛րք,— խոսեց Խոլերան,— մեր սուդի են ա, ամո՛թ ա… Հանեք, մի քիչ երես-մերեսը լվացեք, բալքի ուշքի գա։

— Հա՛, դրուստ ա,— ավելացրին մի քանիսը և ոտքի ելան,— թող աանենք ցած՝ քիչ ջրի տակին լվանանք գլուխը։

— Ադա, տեղներդ վե՛ր ընկեք է՜է՜…— ճչաց Նիկոլը,— ընչի՞, գինի յա արաղ շատ ունենք, որ նա էլ օյաղվի[1] ու գա մեր կողքին նստիլ:

Սակայն ոտքի ելնող գյուղացիք չլսեցին նրան։ Մոտ գնացին սայլին, երկու հոգի ելան, սուդիային քաշքշելով իջեցրին, ալյուրոտ Զաքարը բռնեց խոտերի վրա դրավ և երեսը դարձրեց:

—Տարե՛ք, տարե՛ք, ջրի մոտ տարեք,— կանչեց Խոլերան,— ա՛ Մուկուչ, բա էդքան խմե՞լ կըլի, որ դու ես խմում… հլա վոլոստնի սուդիա[2] էլ ես…

- Սո՛ւդիա, սո՛ւդիա…— ցնցեց դատավորին Զաքարը, ջանաց ուշքի բերել և կիսովին բարձրացնելով, գլուխն իր ծնկներին կռթնեցրեց։

— Հը՜ը՜մ… – լսվեց դատավորի բերնից։

— Ուշքի՛ եկ, քո՛ տունը շինվի, հերիք չի՞ քնես…

  1. Ուշքի գա
  2. Գյուղերի մի որոշ շրջանի դատավոր։