— Ադա ո՞ւր եք կանգնել, վեր կալեք ցած տաքեք է՜ է՛…
— Հը՜ըմ… ղզ՜զ՜զ՜…փս՜ս՜ս՜,— անում է սուդիան։
Մի գյուղացի վճռական կերպով պպզեց նրա առաջ, շալակեց, բարձրացավ և ընդհանուր ծիծաղների մեջ՝ սկսեց ձորն իջեցնել արբածին։
— Մուղայիթ[1] կացեք տո՜… ձայնեց Նիկոլը,– սուդյին գլոլ չտաք ձորը, թե չէ էլ կաշի քերթող չենք ունենալ…
Գևորգն ու Հակոբը զարմացած՝ Նիկոլին նայեցին։
— Հա բա՜ս…— ժպտաց սա,— գեղացին սկի կարա՞ յոլա գնալ առանց կաշի քերթողի… մորթված ոչխարին էլ վարպետ կաշի քերթող պտի՞, յա չէ…
— Ե՛ս էլ գնամ,— ոտքի ելավ Խեչոն այդ միջոցին,- բալքի արյուն առնելու բան ըլի… քյո՜խվա, էդ դանակդ մի դեսը քցի…
Եվ այսպես էր ահա, որ երեք֊չորս գյուղացիներ, դանակը ձեռքին բռնած Խեչոյի հետ սուդիային ձորն իջեցրին և շուտով մեր աչքերիցն անհետացան։
Քիչ ժամանակ էլ նրանց ծիծաղների և աղմուկների ձայնը հասնում էր մեր ականջին՝ խորքից, հետո ամեն ինչ լռեց։
— Ամա՜ ջրի կկապեն սուդյի գլուխը հա՜…— արեց Ջավադը։
— Տեսնո՞ւմ եք,— դարձավ մեզ երեցփոխը,— է՛ս էլ մեր սուդի՛ան…
— Ղո՛րթ ա,— խոսեց Խոլերան,- խմող ա, ամա լավ սուդիա ա… խելո՜ք, վարվո՜ղ…
Ու սկսեցին խմել այնուհետև։ Սպասում էի, որ Նիկոլը որևէ բան ասեր, բայց նա լուռ՝ օղի էր լցնում և չէր նայում մեզ։
— Խելոք…– արեց երեցփոխը,— դրուստ ա, որ խելոք չըլի, ոսկոռների ծերերը ո՞նց կարա պահի…
— Ի՞նչ ոսկոռներ,— հարցրի ես։
— Ընենց, էլի՜…— մռմռաց Զավադը,— ոսկոռներ…
— Լավ դե,— կանչեց Սմբատը,— էդ գինուցը դես տվեք պարոնների համար… էն ո՞վ ա, որ ոսկոռը չի սիրում… թե խելոք ա՝ ջոնդերը[2] կծածկի, որ մի՛շտ էլ ունենա… Ադա Ջավա՛դ, ձենդ էլի մեկ գլուխդ քցի, բալքի թե քեֆը նորից չաղանա…
Ջավադը հիրավի «ձենը գլուխը քցեց», և երբ քիչ հետո ձորն իջնող գյուղացիներից երեքն էլ եկան մեզ միանալու, բաժակները երբեք դատարկ չէին մնում։