Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/433

Այս էջը հաստատված է

Կեսօրը բավական անցել էր. գյուղացոց տրամադրությունը հետզհետե Լավանում էր. մոռանում էին սուդիային, իսկ խմած օղին ու գինին ա՛յն աստիճան ազդել էր, որ երգում էին, կանչում, գոռգոռալով վիճում։

Խոսակցությունը դառնում էր ինչ-որ հողաբաժինների վրա, որոնց մասին նրանք վեճի մեջ էին ծաղկասարեցոց հետ և որի համար էլ խմբովին գյուղաքաղաք էին գնացել։

Բանից դուրս էր գալիս, որ դուզանցիք վաղուց ի վեր մտածում էին անտառների վերևում ընկած ընդարձակ արոտատեղիները ազատել ծաղկասարեցոց ոտնձգություններից. անդադար, ամեն տարի կռիվ էին տալիս նրանց հետ, ծեծում էին, ծեծ էին ուտում, աղմկում և վերջ ի վերջո, այս տարի վեճը դատաստանի էին ձգել։

— Շա՜ն որդիներ…— կանչում էր խոլերան,— էս « 30 տարի, քանի միտս ա, էդ չիմանլրղըը[1] մե՛րն ա ըլել, մե՛ր տավարն ա ընտեղ արածել, հմի կանգնել էին, թե բա՝ «մե՛րն ա, դուք գո՛ղ եք, ավազակնե՛ր եք»…

— Տո գո՛ղն էլ իրանք են ու ավազակներն էլ,— ճչաց քյոխվեն,— բա ինչի՞, ես մեռե՞լ եմ, որ ծաղկասարցիք մեր չիմանլըղը խլեն ո մեր չոբաններին էլ ծեծեն… Ա՛յ, ըտենց կանեմ հա՛… Տեսա՞ք, տ՛ խալխը, խո տեսաք, թե ո՞նց պրիստավի մոտ նրանց բերանը փակեցի…

— Աղա՛,— ձայնեց Զաքարը,— բա էն մածուն ատող Վարդոն էն ի՞նչ էր ասում… Ո՞նց թե յանի մեր պլանը[2] սո՛ւտ ա, հետո ա շինած, թե լեսնիչի[3] օգնականը կաշառք ա կերել…

— Տո կարա՞ն, թող իրա՛նք էլ ուտացնեն… Ընչի՞, կաշառք յանի փի՞ս բան ա… Հրե՛ն, հմի թող գան ու տենանք ո՞նց են ղավթում հողերը…

— Տո լավ ենք արել, լա՛վ… — գոոաց Ջավադը,— հոգիներն էլ հանել ենք. հլա մեկ տես՝ ես ո՞նց եմ մի քեֆ սարքելու լեսնիչի օգնականի համար…

Շատ հետաքրքրվում էին հյուրերս՝ իմանալու այդ բոլոր քաոսի միջից ճշմարտությունը։

Շատ էլ մաքուր չէր երևում գործը։ Ըստ երևույթին մեր գյուղացիք լավ միջոցների չէին դիմել, թեև այժմ ցնծում էին իրենց տարած հաղթանակով։

  1. Արոտատեղի։
  2. Հատակագիծ, մակարդակ։
  3. Անտառապահ։