Վարգոն նայեց նրան, մեղավորի նման ժպտաց ու հետևեց մեզ: Իսկ Ջավադը մի մեծ քրքիջ արձակեց և ձայներ.
— Կարդացվորները գնացի՜ն… Առանց պատասխան տալու՝ քայլեցինք դեպի ձորաբերանը և ձայն տվինք Հակոբին։
Ու երբ ուզում էինք իջնել, լսեցի դարձյալ կաղլիկի ձայնը, որ կանչում էր մեզ.
— Ըստեղ մտիկ տվե՛ք, պ. Երվա՛նդ, թե սուդյին ռաստ գաք, ասեք թող գա, էս ա գնալու ենք…
Դարձա և նայեցի նրան բարկությամբ, բայց զսպեցի ինձ, և չորսս էլ նեղ արահետով իջանք դեպի ձորը։
Գուզանցիք անհետացան այլևս մեր աչքերից։
4
Քանի իջնում էինք, գետի կարկաչն ավելի՛ հնչուն, ժայռերն ավելի լպրծուն, կանաչն ավելի առատ ու թարմ և արահետն ավելի դժվարանցանելի էր դառնում։ Դիմացի կնճռոտ, կարծես արհեստական կերպով կերտված լեռը ճնշող, հսկա մեծություն էր ստանում՝ կռացած անդունդի վրա։
Մշտապես ստվերալից անկյուններում, ժայռերի ճեղքերից անընդհատ կաթկթող ջրերի տակ, մազերի նման փռված ու կախված՝ աճել էին գիջությունով ուռճացող բույսերի թփեր. խոշոր ապառաժներ լզված ջրերից՝ սահել-հասնել էին ուզում գետակին և աջ ու ձախ, անվերջ ու ահավոր խորությամբ՝ ձգվում էին գալիս պտտեցնող անդունդներ…
Շա՛տ չնչին, շա՛տ փոքրիկ էինք երևում մենք բնության այդ վայրենի հսկայության առաջ։ Մե՛ն-մի քարն այդտեղ մեծ էր մեզնից, ամեն մի թուփը ավելի խոշոր։
Եվ այդ բոլորը՝ խիճ, քար, ապառաժ ու թուփ միահամուռ ձգտում էին իջնել-հոսելու դեպի խորքը, ներքևում արշավող փրփրալից գետակին, որ գալարվում էր քարոտ անկողնի վրա, ոստումներ գործում…
Գուցե տասներորդ անգամը լիներ իջնելս այդտեղ, բայց ինչպես միշտ, այս անգամ էլ փոփոխություններ էի նկատում շուրջը: բուսականությանը ավելի՛ առատ էր դարձել և ճոխացել. վայրի շուշանները ծաղկել էին իրենց լայն ու լեզվաձև տերևների մեջ. վարդենին սպիտակ վարդերով, պճնել, դեղին ծաղիկների փնջերը երկարացել՝ դեպի մեզ