Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/44

Այս էջը սրբագրված է

Դարձավ։ Տասը քայլ հեռու, նո՛ւյնպես վանդակում, ձողերի ետևից գլուխն երերցնելով, չարամիտ վագրն աչքերը հեգնությամբ լի՝ իրեն էր նայում: Երբ նրանց ակնարկները միմյանց հանդիպեցին, արյունարբու գազանը ոռնաց ու ասաց.

- Ողջո՜ւյն, անապատի հզոր դու արքա, գոռ ան՛տառների, ազատ ժայռերի մեծ հսկա, եկել ես մեզ ընկե՞ր, մեզ՝ չնչիններիս, մեզ ստորներիս բախտակից եղել… Ողջո՛ւյն, անկյալդ վեհափառություն…

Ապա մի մեծ չարախնդաց, դիվային ծիծաղ լսվեց նրա վանդակից, հետո քրքիջն անցավ մի երրորդ վանդակի, որտեղից ինձը ատամները բացած, փայլուն աչքերով նայում էր հեգնությամբ… Եվ այդպես, քրքիջը քայլեց, վանդակից վանդակ մտավ, և մի րոպեի մեջ առյուծն իրեն գտավ շրջապատված չնչին անասունների, գերի գազանների, գայլերի, նույնիսկ կապիկների ծաղրով ու հեգնություններով։

— Ահ, արքա՜, խոնարհ մեր ողջույնը, — կանչում էր ինձը։

— Ողորմած եղիր, հզո՛ր թագավոր, որ համարձակվում ենք քեզ ընկեր լինել, — ոռնում էր գայլը:

— Մենք կապիկներս քեզնից հզոր ենք, — ճչում էին անճոռնիները, — որովհետև ուրախ ենք և կատակում ենք…

Ու ծաղր, հեգնություն, քրքիջ, աղաղակ ամեն կողմից տեղացին բռնված հզորի անպաշտպան գլխին։

Առյուծը մռնչաց, ոստնեց դեպի ձողերը, ուզեց դուրս ելնել, տրորել-ջարդել այդ հեգնողներին… բայց բախվեց ձողերի, գազանապահի հրաշեկ երկաթն այրեց նրա թաթը, և նա նկուն, կատաղի, գլուխը թաթերի մեջն առավ և ուզեց մեռնել։

* * *

Դառն էր այդ բոլորը. դառն, անտանելի։ Մեռնելը խի՛ստ լավ էր։ Կուզենար տեսնել իր արյան կաթիլ առ կաթիլ քամվելը, իր անդամների կտոր առ կտոր բզկտվելը, կուզենար թաթերը փշրել ձողերի վրա, սիրտը հոշոտել, կորզել, դուրս ձգել:

Գիշերն էլ եկավ մռայլ ու խոնավ: Ծաղրն ու քրքիջը սաստկացավ, մեծացավ։

— Ա՛հ, մեռնելուց վախենո՞ւմ ես, — գոչում էր վագրը, — վանդակի մե՞ջ ես, փառավոր արքա՛…

— Ա՛հ, դու թշվա՞ռ ես, առյո՛ւծ ահալից, — մլավում էր ինձը…

— Թքե՛լ, թքել առյուծի վրա, — ճչում էին կապիկները…