Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/440

Այս էջը հաստատված է

կռանում, երիցուկները անհամար քանակությամբ, խոշոր և պարարտ՝ գրավել էին խորշեր ու ծերպեր, իսկ երեք-չորս նոր ջրվեժներ ոստյուններով գահավիժում էին ժայռերն ի վար, պայթում քարերի վրա, ջրի փոշի ցանում ամեն ուղղությամբ։

— Բայց սա հրաշալի՜ք է… — ձայնում էր Հակոբը:

— Վայրենի՛, կրքոտ և արբեցուցիչ է՝ ինչպես գնչուհի,— ավելացնում էր Գևորգը։

Իսկ Վարդոն գլխարկը ձեռքին, գլուխը կախ և քիչ կթոտելով՝ իջնում էր լռությամբ։

Արահետը ոլորապտույտ էր՝ երբեմն ժայռերի միջով, նեղ, հազիվ մի ոտնաչափ, իսկ հաճախ այնքա՛ն մոտ քերում էր անդունդի ափը,որ ստիպված էինք կառչել քարերի և թփերի։ Ոստնում էինք ջրերից,մագլցում կամ սահում և երբ քրտնաթոր՝ հասել էինք հոսանուտ խիճերի դաշտին, կանգ առանք գետից հիսուն քայլ վեր՝ համեմատաբար տափարակ մի տեղ ու նստեցինք հանգչելու։

Վարդոն մի՛շտ լուռ՝ նստարան շինեց մի մեծ քար, Հակոբը ցցվեց սուր ապառաժի գլխին, Գևորգը փռվեց խիճերի վրա, իսկ ես մնացի կանգնած։

— Դուք չհոգնեցի՞ք,— ասացի գյուղացուն դառնալով։

— Ո՛չ,— խոսեց նա,— իջնելը չի հոգնեցնում… բարձրանալը հոգիս է հանում…

— Այդպես է, փիլիսոփայեց Հակոբը,— իջնելը մի՛շտ հեշտ է. բարձրանա՛լն է դժվար…

— Հը՛մ… — արեց Վարդոն և ծխախոտի տուփը հանեց,– իջնելը, այո, հեշտ է, բայց մեկ էլ տեսար տեղնուտեղը մնացիր… և այն մնա՛լն է որ կմնաս… Ու սկսեց պապիրոս շինել՝ կռացած տուփի վրա։

— Ձեզ համար գուցե,— առարկեց Գևորգը,— շատ էլ առողջ մարդ չեք երևում, թեև գյուղացի եք։

— Հիվանդ չեմ,— խոսեց Վարդոն,— շո՛ւնչս չի բավականանում։

— Եվ ձեռքերդ ու գուցե ոտքերդ էլ դողում են։

— Ոտքերս քիչ, իսկ ձեռքերս՝ միշտ… Խմելուց է:

— Կասկածում էի… ուրեմն խմո՛ղ եք դուք։

— Այո՛—արավ Վարգոն պապիրոսը վառելով,– օղի շա՛տ եմ խմում:

— Լա՛վ չէ,— բարոյախոսեց Հակոբը։

— Գիտեմ,— ժպտաց գյուղացին, բայց ճա՞րն ինչ… խմում եմ։