Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/442

Այս էջը հաստատված է

եմ պահում նրանց կեղտոտ արարքներից և կամ ճշմարտությունն եմ ասում… Պրի՛ստավն էլ. երբ տեսնում է, որ առանց օրենքի ինձ հետ վարվել չի կարող, ծաղրի է դիմում, ճգնում է ստորացնել ինձ, գյուղացոց առաջ պստիկացնել…

—Եվ իհարկե, ատում են ձեզ ամենքը։

—Ատում են… Ծաղրով, նույնիսկ տնտեսապես ճգնում են «տրորել» ինձ… Եվ երբ խմում եմ—նրանց քեֆն է գալիս, սիրում են տեսնել «ուսումնականին» անասունի հալում, թուլացա՜ծ, հարբա՜ծ… Կուզենային գտնել ինձ փողոցի ցեխո՛ւմ տապլտկելիս…

—Էլ ինչո՞ւ եք մեղադրում գյուղացոց,— առարկեց Հակոբը,– քանի որ ինքներդ եք ձեզ անասնացնում և ծաղրելի դարձնում… Հիրավի՛, ուսում առած հարբեցողից զզվելի բան չի կարող լինել։

Վարդոն ժպտալով նրան նայեց մի րոպե, թանձր ծուխով պատեց բեղերն ու ասաց.

—Չե՜մ մեղադրում… Բայց ասեմ ձեզ, որ նույն արբեցողն էի նաև չորս տարի առաջ, երբ մեր վեց գյուղերի ստարշինան էի, տերության պաշտոնյա… մտրակը ձեռքիս, շղթան վզիս և միշտ հարբած, այն էլ փողոցներում, հրապարակում, դատ տեսնելիս… ու չէին ծաղրում. քծնում էին, գտնում, որ «ուսումնական հարբեցողը» սկի՛ էլ ծաղրելու չէր, այլ շա՛տ պատկառելի, հարգանքի արժանի… Մի շուն ունեի մինչև իսկ նրան էլ գգվում էին, հարգում… Ստրկական հատկության արդյունք է. սերնդից սերունդ մտրակի տակ ծնած՝ պիտի քծնեն զորեղի առաջ, պիտի շողոքորթեն, լզեն… Դուք տեսե՞լ եք սարդի ոստայն…

—Շա՜տ…

—Ոստայնը սարքած, թաքնված մի անկյունում՝ սպասում է. անմեղ ճանճը բռնվում է հանկարծ, շա՜տ դեսուդե՛ն խփվում, ճգնո՛ւմ է ազատվել… գուցե և գոռում է, օգնության կանչում… Եվ եթե բան է, մի ուրիշ ազատ ճանճ լսի նրան և մտածի օգնության գալ՝ բռնվում է ինքն էլ, և նրա բախտը ոչնչո՛վ չի զանազանվում առաջինից. մի քիչ ավելի ուշ է ուտվում, ծծվում…

—Այո՛,— խոսեց Գևորգը,— գյուղն է այդ… ցանցը և գյուղի ըմբոստը։

—Գյուղն է,— պնդեց Վարդոն,— ո՛չ միայն գյուղը այլ ամբողջ երկիրը… Ցանց է, ոստա՜յն… և սարդերը տռզա՜ծ, սարդերը գիշատի՜չ, ո՛չ մի անկյուն ազատ չէ… Ւ՞նչ կարող է անել թեկուզ «ուսած, հասկացող» ճանճը… Ավելի շուտ կբռնվի, ավելի շուտ կոչնչանա, և նրա կտրած չնչին թելը նորից կնորոգի, և ճանճերը կբռնվե՜ն, կծծվե՜ն…