Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/445

Այս էջը հաստատված է

– Չէ,– ասացի ես,– առաջ մեկ Ծաղկասար կիջնենք, հետո Դուզան կբարձրանանք։

– էդ ո՞նց կըլի―փոկերից մեկը ձեռքին՝ ինձ նայեց սայլապանը,– էդ խո ջլի՜ս մթանը կմնանք… Չէ՜, էդ մեկը սկի չի ըլիլ. ես Ծաղկասար չեմ գնալ։

– Տո, պրծիր է,— ձայնեցի ես,— մի բան էլ ավելի կտանք, հը՜… մի մանե՞թ չի հախդ, Ծաղկասար գնա ու երկու մանեթ ստացիր։

– Ո՞նց թե մի մանեթ…— գոչեց նա,— ինչի՞, բաս մի մանեթ եք տալու։

– Ի՞նչ է։— զարմացա ես– մեր Սիսակ ծառան քեզ հետ չի խոսել այդ մասին, չէ՞ որ սովորաբար հենց մի մանեթ է և ոչ ավելի։

– Ղորթ ա, խոսել ա…— կմկմաց գյուղացին,— ամա դե մի մանէթ…

– Չէիր ուզում՝ թող չլծեիր… պրծի՜ր, պրծի՜ր, խոսելու ժամանակ չկա…

Գյուղացին պահ մի լուռ, առանց մեզ նայելու սանձերը կարգի դրավ, հետո հանկարծ դուրս եկավ ձիերի միջից, անցավ սայլի մյուս կողմը, վճռականորեն ինձ նայեց ու ասաց.

– Չէ՜, պարո՜ն Երվանդ, էդ ըլելու բան չի, ես Ծաղկասար գնացողը չեմ՝ էս մեկ, համ էլ երեք մանեթից պակաս չեմ առնի՝ էս քեզ վրա երկու…

Ես և հյուրերս միմյանց նայեցինք զարմացած.

– Ա՜յ տղա, դու խո չե՞ս գժվել, յա հարբած խո չե՞ս,— զայրացավ Հակոբը,– հենց մեզ մո՜տ էր, որ Սիսակը եկավ ու ասաց, թե մի մանեթով է խոսել հետդ…

– Ղո՜րթ ա… բան չե՜մ ասում, մի մանեթ խոսեց… ամա դե ես էլ ասի, որ երեք կառնեմ…

– Է՛, որ ասիր, ինչո՞ւ եկար կամ ինչո՞ւ գնի մասին մեզ հետ նախ չվերջացրիր ու հետո բերեիր, հը՞…

– Դե ո՞նց անեմ ես… ասի աղա մարդիկ են…

– Հիմար մի՜ լինի,– միջամտեցի ես,— միշտ գնացել եկել եմ, երբեմն 4—5 հոգով, մինչև մութը մնացել ենք ու միշտ էլ միայն մի ռուբլի եմ տվել… Որոշված գինն էլ դա՜ է…

– Այդպես է։ — հաստատեց Վարդոն,– տաքսան[1] մի մանեթ ա։

– Ի՞նչն ա մեկ մանեթ,– բացականչեց գյուղացին՝ զայրացած

  1. Որոշված գին։